News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հունիսի 30-ից գործարկում է տոմսերի էլեկտրոնային վաճառքի համակարգը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:

«Համակարգն արդեն կա, մշակվում է թեստային ռեժիմով բանկի հետ տոմս ձեռք բերելու հնարավորությամբ։ Դա վերաբերում է մերձքաղաքային էլեկտրագնացքին և էքսպրեսին»,-ասաց Մելնիկովը՝ հավելելով, որ բացի այդ, Երևանի կայարանում պահեստախցիկ կբացվի։ Մելնիկովը նշեց, որ ներկայումս մշակվում են էլեկտրագնացքի երթուղու երկարացման հնարավոր տարբերակները Գյումրիից մինչև Վանաձոր։ Քննարկվում է նաև Երևան-Բաթում գնացքի տոմսերի առցանց վաճառքի հնարավորությունը։

Նա հայտարարեց, որ ՀԿԵ-ն մտադիր չէ կրճատել աշխատակիցների թիվը պարբերական գնդակոծությունների հետ կապված Սոթքի հանքավայրում առաջացած դժվարությունների պատճառով։ «GeoProMining–ի մեր գործընկերների հետ ոսկու հանքաքար ենք տեղափոխել և տեղափոխում «Սոթք» կայարանից «Արարատ» կայարան։ Մի շարք օբյեկտիվ պատճառներով այս տարվա մայիս ամսից տվյալ փոխադրումները դադարեցվել են։ Մեզ համար դա բավական լուրջ խնդիր է, մենք խնդիր ենք դնում պահպանել կոլեկտիվը, մենք չենք կրճատում աշխատակիցներին դրա պատճառով։ Ստիպված էինք որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ոչ լիարժեք զբաղվածության ռեժիմի հետ կապված», – բացատրեց Մելնիկովը։

Մելնիկովն ընդգծեց, որ ոսկու հանքաքարի տեղափոխմանը բաժին էր ընկնում բեռի ընդհանուր ծավալի 48%–ը։ Կանխատեսումների համաձայն` տարեկան կտրվածքով բացասական բյուջե է լինելու, ընկերությունը վնասներով է աշխատելու։

Նա նշեց, որ այս տարի բավական լավ ցուցանիշներ են գրանցվել արդյունաբերական ոլորտի գործընկերների հետ աշխատանքում` «Արարատ Ցեմենտ», «Հրազդան Ցեմենտ». շինարարության աճի ֆոնին նրանց մոտ ավելացել են ցեմենտի ծավալները։

«Մենք մեզնից կախված ամեն բան անում ենք, որպեսզի ապահովենք բեռների տեղափոխումը ցեմենտի արտադրության համար։ Այս տարի սերտ համագործակցում ենք «Ալեքս Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչների հետ հացահատիկի և շաքարավազի տեղափոխման հարցում և հույս ունենք, որ այդ տեսակի բեռի դեռ բավական մեծ ծավալ կտեղափոխենք», – ասաց Մելնիկովը։

ՀԿԵ գլխվոր տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ավելացրել է Հայաստանից Վրաստան ուղերթերի հաճախականությունը։ Այսուհետ ուղևորատար գնացքները շաբաթական երկու անգամվա փոխարեն կմեկնեն օրումեջ։

«Այս տարի մենք նորամուծություն ունենք` մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ, վրացական կողմի հետ, որ ուղևորատար գնացքը մեկնելու է օրը մեջ, դա ավելի շատ է, քան նախորդ տարի, երբ շաբաթական երկու անգամ էր մեկնում։ Արդեն հիմա մենք բավական մեծ արձագանք ենք ստանում մեր ուղևորներից։ Ուղևորների թիվն ավելի մեծ է, քան նախորդ տարի», – ասաց Մելնիկովը։

Նա հիշեցրեց, որ 2022 թվականին ընկերության շարժակազմերը ավելի քան կես միլիոն ուղևոր է տեղափոխել. 58 հազարը միջազգային փոխադրումներն են, 450 հազարը` Հայաստանի տարածքով։

Ուղևորների համար հարմարություն ապահովելուն միտված մեկ այլ նորամուծություն դարձավ Երևան–Սևան–Շորժա–Երևան երթուղու առաջին կանգառի տեղափոխումը «Ալմաստ» կառամատույցից Երևանի կենտրոնական կայարան։

Մելնիկովը պարզաբանեց, որ ուղևորներից բազմաթիվ հարցումներ էին եղել, քանի որ մինչև «Ալմաստ» դեռ հասնել է պետք, իսկ երևանյան կայարանը գտնվում է քաղաքի կենտրոնում։

Հիշեցնենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ ուղևորների քանակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 9%-ով՝ կազմելով 193.5 հազար։

Տպել
Ամենաշատ