Բրազիլիայի կառավարությունը շաբաթ օրն իր վրդովմունքն է հայտնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ից արտաքսված տասնյակ ներգաղթյալներ ինքնաթիռով ժամանել են ձեռնաշղթաներ հագած՝ դա անվանելով նրանց իրավունքների հանդեպ «աղաղակող արհամարհանք», հաղորդում է AFP-ն:
Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բացատրություն կպահանջի Վաշինգտոնից «օդանավում գտնվող ուղևորների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի» վերաբերյալ։
Սկանդալը ծագել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձի կապակցությամբ, որը կոշտ հակամիգրացիոն քաղաքականություն է վարում՝ խոստանալով պայքարել անօրինական միգրացիայի դեմ և սկսել զանգվածային արտաքսումները։
Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել հյուսիսային Մանաուս քաղաքում, Բրազիլիայի իշխանությունները կարգադրել են ԱՄՆ պաշտոնյաներին «անհապաղ հանել ուղևորների ձեռնաշղթաները», ասվում է Արդարադատության նախարարության հայտարարության մեջ։
Արդարադատության նախարար Ռիկարդո Լևանդովսկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հայտնել է «Բրազիլիայի քաղաքացիների հիմնական իրավունքների հանդեպ աղաղակող արհամարհանքի մասին», ասվում է հայտարարության մեջ։
Կառավարությունը հայտնել է, որ ինքնաթիռում 88 բրազիլացի է եղել։





























