Գերմանիայի իշխանությունները հետեւողականորեն եւ նատակաուղղված կերպով խույս են տալիս համաշխարհային հանրության համար ակնհայտ պատմական փաստի ճանաչումից, այն է՝ Լենինգրադի շրջափակումից եւ մարդկության դեմ այլ հանցագործություններից՝ կատարված ԽՍՀՄ-ում պատերազմի տարիներին նացիստների կողմից, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց վայրագության աստիճանով աննախադեպ ցեղասպանության ակտեր Խորհրդային Միության ժողովուրդների դեմ։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Պաշտոնական Բեռլինը վախենում է անգամ բարձրաձայն արտաբերել ճշմարտությունը եւ փորձում է ամեն անգամ թաքնվել «ահավոր չարագործությունների» եւ «տառապանքների» մասին ձեւակերպումների հետեւում։ Մենք այդ ամենն արդեն լսել ենք եւ քանիցս կարդացել։ Եթե Գերմանիայի ԱԳՆ-ն հույս ունի այդ կերպ պարզապես լռության մատնել Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանության ճանաչման հարցը, ապա շտապենք հավաստիացնել մեր գերմանացի կընդդիմախոսներին, որ դա անել նրանց չի հաջողվի։ Մեր երկրի համար պատմական արդարության վերականգնումը գերմանական նացիզմի խորհրդային զոհերի հանդեպ սկզբունքային խնդիր է»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ գերմանական կողմը, մեկնաբանելով Լենինգրադի շրջափական մասին հարցերը, «անընդհատ վկայակոչում է Գերմանիայի կառավարության այսպես կոչված հումանիտար ժեստը, որի շրջանակում 2019թ. նրանց հատկացվել է 10 մլն եվրո բուժսարքավորումների արդիականացման համար Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում։
«Այդ որոշումն ինքնին, թվում է, թե չի կարող առարկություններ առաջացնել, եթե միայն չհիշենք այն մասին, թե ինչ համատեքստում է այն ընդունվել Գերմանիայի իշխանությունների կողմից։ Այն պահին, երբ գերմանական կողմը երկար մտորումներից հետո որոշեց կատարել նշված «հումանիտար ժեստը», Մոսկվան արդեն տարիներ շարունակ կոչ էր անում եւ շարունակում է կոչ անել Բեռլինին տարածել Լենինգրադի շրջափակման որոշ մասնակիցների հանդեպ իր իրականացրած փոխհատուցման վճարները բոլոր այլ լենինգրադցիների վրա՝ անկախ նրանց ապրելու վայրից եւ էթնիկ պատկանելությունից։ Չէ՞ որ այսօրվա դրությամբ նման վճարումներ ստանում են բացառապես հրեական ծագում ունեցող լենինգրադցիները։ Կարծում ենք, որ սա բացահայտ խտրականություն է շրջափակման մյուս զոհերի նկատմամբ, որոնք հրաշքով ողջ են մնացել»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
«Բանն այստեղ փողը չէ, այլ, ինչպես եւ ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանության ճանաչման հարցում, պատմական եւ մարդկային արդարության վերականգնման անհրաժեշտությունը։ Ինչո՞ւ է գերմանական պետությունը կարծում, թե շրջափակումը հաղթահարած հրեաներին վճարներ հասնում են, իսկ ռուսներին, բելառուսներին, ուկրաինացիներին, թաթարներին կամ վրացիներին՝ ոչ։ Ռուսաստանը չի ընդունում Բեռլինի փաստարկները, չի նահանջի իր պահանջներից եւ կփորձի հասնել դրանց իրականացմանը գերմանական կողմից»,- ավելացրել է Զախարովան։




























