Վաշինգտոնը փորձում է հասնել այն բանին, որպեսզի ԱՄՆ-ը եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գծով նրա դաշնակիցները հավասարվեն Կիեւին տրամադրվող օգնության ծավալով։ Այս մասին Սպիտակ տանը ելույթի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ կապված իրավիճակում մեր խնդիրներից մեկն այն է, որ մենք ցանկանում ենք որոշակի հավասարեցում տեսնել: Որովհետեւ մենք ներդրել ենք գրեթե 300 մլրդ դոլար, իսկ նրանք՝ 200 մլրդ դոլարով պակաս»,- նշել է նա՝ խոսելով Վաշինգտոնի ՆԱՏՕ գծով դաշնակիցների մասին։

«Ինչո՞ւ են նրանք ավելի քիչ ներդրել։ Որովհետեւ [ԱՄՆ նախկին նախագահ Ջո] Բայդենը երբեք նրանցից գումար չի խնդրել,- ավելացրել է Թրամփը։- Երբեք չի ասել, որ պետք է վճարեն։ Այն, ինչ նա արել է, ընդամենը փող է տվել: Մենք հիմա խոսում ենք նրանց հետ։ Եվ մենք հիմա աշխատում ենք որոշակի գործարքների ուղղությամբ, որպեսզի որոշակի երաշխիքներ ունենանք»։