[Երևան, 15 մայիսի] Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ/EBRD) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ/ GCF) համագործակցության պայմանագիր են ստորագրել Ինեկոբանկի հետ՝ տրամադրելով բանկին մինչև 15 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ 

Համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ԵՎԶԲ-ի 34-րդ ամենամյա համաժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։ 

Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Ինեկոբանկին է հատկացնում 11.25 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ 3.75 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Վարկային միջոցներն ուղղվելու են դեպի կանաչ տնտեսություն անցմանն աջակցելուն։ Մասնավոր բիզնեսները հնարավորություն կստանան ներդրումներ կատարել էներգաարդյունավետ և կլիմայի փոփոխությանը դիմակայող տեխնոլոգիաներում, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և նվազեցնում ծախսերը։ 

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ ևս  մեկ անգամ ջանքերը միավորելու և կանաչ տնտեսության զարգացմանն աջակցելու առթիվ։ 

«Ինեկոբանկի և ԵՎԶԲ-ի միջև ձևավորված երկարամյա և վստահելի համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագրեր, որոնք միտված են տնտեսության կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Ֆինանսական այս փաթեթը՝ ԿԿՀ- ի համաֆինանսավորմամբ, նոր խթան է՝ աջակցելու մեր երկրում գործող բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տնտեսությանը նպաստող ոլորտներում և հնարավորություն տալ ավելի շատ փոքր և միջին ձեռնարկությունների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով»- նշել է Հայկ Ոսկանյանը։  

Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են «կանաչ նախագծերի» ֆինանսավորմանը՝ ներառյալ վերականգնվող և արևային էներգիայի կիրառմանն ուղղված լուծումները, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց հավասար հնարավորություններին այդ ծրագրերից օգտվելու հարցում։