Այս համաձայնագրի վավերացումը թույլ կտա փորձի փոխանակում իրականացնել կատվազգիների ընտանիքի մեծ ներկայացուցիչների պաշտպանության և պահպանման ոլորտում։ Այս մասին մարտի 19-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Մեծ կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Այս շրջանակային համաձայնագրի նպատակն է նպաստել մեծ կատվազգիների պահպանման և նրանց պոպուլյացիայի կրճատման կանխարգելման գործում միջազգային համագործակցությանը։ Հայաստանն այն ստորագրել է 2025 թվականին։
Կենսաբազմազանությամբ հարուստ Հայաստանում իր առանձնահատուկ տեղն ունի կովկասյան ընձառյուծը (Panthera pardus ciscaucasica): Դրա պահպանումը ոչ միայն մեկ տեսակի պաշտպանություն է, այլև էկոլոգիական հավասարակշռության, ինչպես նաև բնակության միջավայրի կայունության ապահովում։
«Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպում են նաև կատվազգիների այլ տեսակներ, ինչպիսիք են լուսանը, եվրոպական անտառային կատուն (Felis silvestris Schreber) և մանուլը (Otocolobus manul)»,- հայտնել է Մաթևոսյանը։
Վերջին երկու տեսակները գրանցված են Կարմիր գրքում։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը թույլ կտա զարգացնել միջազգային համագործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ և կիրառել լավագույն փորձը կենսաբազմազանության պահպանման ոլորտում։
Որոշ քննարկումներից հետո նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



























