«Միավորված հայեր» կուսակցությունը պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ` եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր, սակայն չի պատրաստվում որեւէ փաստաթղթի տակ ստորագրել, միասնական շտաբեր ձեւավորել եւ այլն: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց այդ կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը:

Դավիթ Հարությունյանի` ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակելու վերաբերյալ քաղաքական ուժերին ուղղված առաջարկությանը միանալու իմաստ նա չի տեսնում, քանի որ «ինչ որ պետք է առաջարկեն, գրված է «Ընտրական օրենսգրքում եւ կարիք չկա ձեւական որեւէ փաստաթղթղի տակ ստորագրել»:

«Համագործակցենք, բայց իմաստը ո՞րն է ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու, միասնական շտաբեր ձեւավորելու, միեւնույն է, այդտեղ գրվում է այն, ինչ նախատեսվում է օրենքով: Մենք` որպես երրորդ ուժ, գործելու ենք օրենքի դաշտում, կարծում ենք, որ պետք է ոչ թե թղթեր ստորագրել, այլ գործել»,- ասաց կուսակցության ղեկավարը` շեշտելով, որ «Միավորված հայերը» ոչ թե թղթերի տակ է  ստորագրելու, այլ գործելու է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններն, ապրիլի 4-ին, ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորելու մասին համաձայնագիր են ստորագրել: Քննարկմանը ներկա ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը չի միացել նախաձեռնությանը:

Փաստաթղթի տակ դրված են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի եւ «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի ստորագրությունները: Համաձայնագիրը բաց է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Իսկ արդեն ապրիլի 5-ին, հայտարարություն է տարածել ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը, ով ընտրություններին մասնակցող ուժերին առաջարկել է ընտրությունների պատշաճ անցկացման քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոներ մշակել: