Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի» գործով անցնող Արտյուշա Հակոբյանի քրոջորդուն` Հրաչյա Ալեքսանյանին եւ քրոջ ամուսնուն` Արթուր Ալեքսանյանին եւս կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Գառնիի Սուրիկի Լավաշ» ապրանքանիշով հաց արտադրող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը: Նա ասաց, որ նրանց կալանավորումը «բանդայի» գործի հետ կապ չունի, հավելելով, որ չգիտի, թե նրանց ինչ պատճառաբանությամբ են կալանավորել:
«Սուտ բաներ են ասում, որը չի եղել: Ոչ մի բողոք, ոչ մի տուժող չկա եւ ոչ մեկը չի գալիս ասում «Այ փեսա, դու սենց բան ես արել»: Դե ասեք ես ինչ անեմ: Տանից 5 հոգու բռնել են: Ես որ մեկին պերեդաչի տանեմ: Իսկ մյուս թոռներիս էլ աշխատանքից են ազատում»,- նկատեց Սուրիկ Հակոբյանը եւ ավելացրեց, որ այդ ամենն արվում է Արտյուշա Հակոբյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար, որ մեղքն ընդունի:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին լուրը, որ Արտյուշա Հակոբյանի քրոջ ամուսինը` Արթուր Ալեքսանյանը, կալանավորված է կողոպուտի հանցափորձ մեղադրանքով եւ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Իսկ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանն էլ նշեց, որ Հրաչյա Ալեքսանյանը կալանավորվել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ լքելու համար: Ի դեպ, Սուրիկ Հակոբյանը վախով է ապրում, մտավախություն հայտնելով, որ մյուս թոռներին էլ կարող է բռնեն: «Ես հիմա թոռներիս այնքան զգույշ եմ պահում, որ մյուս թոռներիս էլ չբռնեն»,-ասաց նա:
Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից:




























