Լոռիի մարզում, ապրիլի 7-ին, ժամը 17:30-ին խոշոր հրդեհ է բռնկվել Լեռնապատ համայնքի <Ղարաչոբան> կոչվող հանդամասում: Հրդեհը առաջացել է Սպիտակ քաղաքի կողմից ու տարածվել դեպի Լեռնապատ համայնք: Այն մինչ ժամը 22:00-ն ընդգրկել է մոտ 60 հա խոտածածկ և անտառածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքները երկու ժամ առաջ դադարեցվել են, անտառապահի կողմից սահմանված է հսկողություն:
Հրդեհի տարածումը Սպիտակի հրշեջփրկարարների կողմից կանխվել է դեպի Սպիտակի տարածաշրջանի անտառները, սակայն ուժեղ քամու հետևանքով հնարավոր չի եղել կանխել Լեռնապատ գյուղի ուղղությամբ: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը վստահեցրեց, որ հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան:
Հրդեհի շառավիղը ընդհանուր առմամբ հասնում է 8 կմ-ի, ու այն գնալով մեծ տարածքներ է ընգրկում:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Գուգարքի անտառտնտեսության թիվ 3 տեղամասի անտառապահ Արամայիս Աբազյանը նշեց, որ մինչ ժամը 21:00-ն այրվել է մոտ 60 հա անտառ և չոր խոտածածկ տարածք, ըստ նրա հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են միայն հրշեջ փրկարարները. «Հրշեջները Ղուրսալ գյուղի մոտից կանխեցին, բայց էստեղ էլ չկարեցան, քամին տարածում ա հրդեհը, իրենք էլ մենակով չեն կարա»,-ասաց նա, հավելելով, որ ինքը տիրող իրավիճակի մասին տեղյակ է պահել անտառտնտեսությանը,լ սակայն. «Զանգել բոլորին ասել եմ, ասին էս մոմենտին մարդ չկա, զանգեք պաժառնի, ես էլ զանգել եմ»:
Անտառապահի պատմելով անտառը նոր է սկսվել անտառ դառմնալ, ծառատեսակները նոր են աճում, իսկ հրդեհից հետո ամբողջը այրվել է. «Մանրները ամբողջությամբ վառվմ են, իսկ մեծերը դիմանում են»: NEWS.am-ի այն դիտարկմանը, թե արդյոք հրդեհելով անտառը, փորձել են վերացնել ապօրինի անտառահատումները, անտառապահը վստահեցրեց, որ իր պահպանության տակ գտնվող տարածքում անտառահատումներ չկան.<Ինձ չի թվում, թե սա դիտավորյալ արած ա, երևի երեխեքը գնացել ձնծաղիկ են քաղել ու վառել»,-ասաց նա:
Հավելենք, որ ողջ օրվա ընթացքում մարզի ամբողջ տարածքում գրանցվել է հրդեհի 23 դեպք, որի մեծ մասը անտառածածկ տարածքներում: Նշված հրդեհի հետ միաժամանակ խոշոր հրդեհ էր նաև մարզի Շնող համայնքի անտառներում, որտեղ այրվել է 30 հա անառածածկ տարածք, վտանգ էր առաջացել նաև հրդեհի բնակավայր տարածվելը, սակայն հրշեջները կարողացել են կրակի դեմն առնել: Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջությամբ գտնվել են Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի ղեկավարության տակ:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարը` հեղինակի




























