Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանի առաջադրումը Նոր Նորքի վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում` որպես պատգամավորի թեկնածու, պայմանավորված է երկու գործոններով:
Վլադիմիր Կարապետյանը այսօր` ապրիլի 9-ին,լրագրողների հետ հանդիպմանը, նշեց, որ առաջին գործոնը Կոնգրեսի որոշումն է` հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրել պատգամավորի թեկնածուներ` ցույց տալու համար իրենց վճռականությունը` ջարդելու ընտրակեղծիքի մեքենան եւ հաղթելու ընտրություններում:
«Անելու եմ հնարավորը, որ համոզեմ բնակչությանը, որ իրենք իսկապես ունակ են պայքարել հանցավոր ռեժիմի դեմ եւ ապացուցել, որ այս ռեժիմը պետք է հեռանա»,- ասաց նա: Իսկ երկրորդ գործոնը, ՀԱԿ անդամի խոսքով, պատգամավոր-բնակիչ հարաբերություններում նոր մշակույթի ներմուծումն է, որը թեկնածուն ցանկանում է դարձնել ամենօրյա, մշտական: Վլադիմիր Կարապետյանը խոստանում է անձնական պաշտոնական կայքում հրապարակված հեռախոսահամարը, հինգ տարի ունենալ մշտական գործող գրասենյակ, որը բաց է լինելու բոլոր քաղաքացիների, ՀԿ-ների համար: Նա ցանկանում է ունենալ երկուական վստահված անձ բոլոր տեղամասերում, եւ հույս ունի, համագործակցելով այլ քաղաքական ուժերի վստահված անձանց, ներկայացուցիչների հետ, միասին բռնել կեղծարարի ձեռքը:
Անդրադառնալով մրցակից , իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից սատարելու հանգամանքին` Կարապետյանն արձագանքեց. «Մեկը լիներ` Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ: Հայրապետյանը առաջադրվել է իր ընտրատարածքում եւ ինքը խնդիր ունի հավաքելու ավելի շատ ձայն, քան իր մրցակիցները: Այնպես որ, չեմ կարծում, թե նա կարող է գործուն աջակցություն բերել: Իմ մրցակիցը ՀՀԿ ներկայացուցիչն է, եւ դրանով ամեն բան ասված է, եւ մենք պայքարում ենք ՀՀԿ-ի դեմ»:
Վլադիմիր Կարապետյանի խոսքով` իր ընտրատարածքում հավասար մրցակցային պայմանների ապահովմանը մասին խոսելն անիմաստ է, քանի որ իր մրցակիցը ամբողջությամբ օգտագործում է վարչական ռեսուրսը, հանդիպում է վարչական շրջանի ղեկավարի, այլ պաշտոնյանների հետ: «Բայց դա ինձ չի վհատեցնում, ես հանդիպելու եմ ժողովրդի հետ եւ ցույց եմ տալու, որ փոփոխություններն անխուսափելի են»,- նշեց ՀԱԿ անդամը` մրցակից Սամվել Ֆարմանյանին հրավիրելով բանավեճի:
Նշենք, որ Վլադիմիր Կարապետյանը տեւական ժամանակ աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում: Իսկ 2008թ փետրվարի 23-ին, ԱԳՆ 10 աշխատակիցների հետ միասին հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ուժի գործադրումից եւ քննել նախագահական ընտրություններում տեղի ունեցած կեղծիքները: Հայտարարությունից անմիջապես հետո ազատվել է աշխատանքից: 2008թ հունիսից մաս է կազմել համաժողովրդական շարժմանը, եւ օգոստոսից արդեն անդամագրվել է ՀԱԿ-ին:




























