Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված հանրապետական թեկնածու, Հանրային հեռուստաընկերության քաղաքական ծրագրերի տնօրեն Սամվել Ֆարմանյանը պատրաստ է բանավիճել ՀԱԿ ներկայացուցիչ, նույն ընտրատարածքում իր մրցակից Վլադիմիր Կարապետյանի հետ:
«Ես հայտարարել եմ, որ անելու եմ ինձանից կախված հնարավորն ու նույնիսկ անհնարը՝ մեր ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով օրինակելի ընտրությունների անցկացման եւ քաղաքակիրթ ընտրապայքար տանելու ուղղությամբ: Հեռուստատեսային քաղաքական բանավեճը քաղաքակիրթ ընտրապայքարի կարեւոր ու ստանդարտ բաղադրիչներից մեկն է: Ավելորդ է ասել, որ ես պատրաստ եմ նման բանավեճի: Քաղաքացին, ընտրողը նաեւ համեմատության մեջ ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենա»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆարմանյանը:
Վերջինս, սակայն, չի կարծում, թե մեր օրերում ու քաղաքական մեր մշակույթի պայմաններում քաղաքական հեռուստատեսային բանավեճին մասնակցությունը դա ասպետության պես մի բան է. «Ինձ համար դա շատ ստանդարտ, սովորական նախընտրական քաղաքական բաղադրիչ է: Ընդամենը»:
Նա նաեւ չի անդրադարձել Վլադիմիր Կարապետյանի հնչեցրած արտահայտություններին, թե իր օգտին ծառայեցվումէ վարչական ռեսուրսը: «Հատուկ չեմ անդրադառնում պարոն Կարապետյանի կողմից հնչեցված այլ գնահատականներին, քանի որ այդ ամենի ժամանակը կլինի: Միայն հավելեմ, որ ես երկար ժամանակ է չեմ այցելում հեռուստատեսություն, գտնվում եմ արձակուրդում, ինչն, ի դեպ, ոչ թե օրենքի պահանջ է, այլ իմ կողմից կայացված քաղաքական որոշում, եւ զբաղվածության թելադրանքով նույնիսկ տեղյակ չեմ ինչ լուրեր են հեռարձակվում Առաջին լրատվականի եթերում: Անկեղծորեն խոստովանեմ, նույնիսկ չեմ հասցնում նայել»,- նշել է Ֆարմանյանը եւ հավելել. «Եթե պարոն Կարապետյանը խոսում է Հ1-ի կողմից անհավասար պայմանների մասին, ապա ես ենթադրում եմ, որ Առաջին լրատվականի եթերում ինձ լուսաբանել են, իրեն՝ ոչ: Գուցե ե՞ս էլ իմանամ, թե ինձ երբ են լուսաբանել»:




























