Ապրիլի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Վրաստանի եւ Հայաստանի սահմանային գծում`Պրիվոլնոյեի եւ Տաշիրի սարերի արանքում, սահմանագծից 300 մետր դեպի հայկական տարածք: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում սահմանապահները պատմեցին, որ նկատելով հրդեհը, իրենք իրենց ուժերով մարել են մոտ 5 հա հրդեհ, սակայն տեսնելով, որ կրակը մեծ ուժով տարածվում է, զանգահարել են արտակարգ իրավիճակների նախարարություն: Նշված տարածքում` Պրիվոլնոյե գյուղի սարերում հրդեհի միանգամից մի քանի մեծ օջախ կար, որոնք եւ անառածածկ եւ չոր խոտածածակ տարածքներ են: Ժամը 20:25-ին դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ փրկարար հրշեջ փրկարար ջոկատից, 2 փրկարար մարզային փրկարարական ջոկատից եւ 4-ը` «Լոռե» հասարակական փրկարարական կազմակերպությունից: Բոլոր աշխատանքներն անձամբ ղեկավարել է Լոռիի մարզային փրկարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Գիշերը 2:10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, առավոտյան վերսկսելու նպատակով: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, նման իրավիճակ է եղել նաեւ վրացական կողմում, որտեղ կրակը հասցրել է մտնել անտառ, իսկ թե իրականում որ կողմից է առաջացել հրդեհը, դեռեւս պարզ չէ, սակայն մի բան հաստատ է, առաջացած հրդեհից հայկական կողմում այրվել են հարյուրավոր հա չոր խոտածածակ եւ անտառածածկ տարածք, գյուղացիների փոխանցմամբ այրված տարածքները հասնում է 600 հա-ի: Հրդեհի արագ տարածմանը նպաստել է քամին, ինչպես նաեւ չհնձված չոր խոտը, որը հավասարազոր է բենզինին: Հարկ է նշել, որ ապրիլի մեկից մինչ օրս միայն Լոռիի մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում գրանցվել է հրդեհի 89 դեպք, որից ամենաշատը Թումանյանի տարածաշրջանում` 44, իսկ Գուգարքում` 37:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























