Հայոց համազգային շարժման նախագահ Արամ Մանուկյանը թիվ 4 ընտրատարածքում մրցակից չունի: Մանուկյանն այդ մասին ասել է այսօր` ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը: «Ես հարգում եմ բոլորին, սակայն նրանց մրցակից չեմ համարում: Ես թիվ 4-ում շատ ուժեղ եմ, ունեմ հրաշալի համակարգված թիմ եւ կազմակերպված ընտրազանգված, դրա համար էլ հաղթելու մեծ հավակնություններ ունեմ»,- նշել է Մանուկյանը:
Մանուկյանը նշել է, թե հաշվի առնելով երկրի սոցիալական վիճակը, ընտրողները պետք է ձայն տան Հայ ազգային կոնգրեսին եւ նրա թեկնածուներին: «Բնական է, որ ինձ ձայն չեն տա կաշառվողները, հիասթափվածներն ու հուսալքվածները»,- նշել է նա: Արամ Մանուկյանը նաեւ օգտագործելու է նախորդ ընտրություններում իր կիրառած մարտավարությունը,` այցելել ընտրողների տները եւ բացատրական աշխատանք տանել: ՀՀՇ վարչության նախագահը 2008թ. նախագահական ընտրություններին շուրջ 3 հազար տուն էր այցելել:
Արամ Մանուկյանը նաեւ իր դժգոհությունն է հայտնել, որ մինչ օրս իրեն չի հաջողվում շտաբերի համար տարածքներ ձեռք բերել: Դրա փոխարեն նա օգտվելու է համակիրների առաջարկից եւ նրանց տները դարձնելու է նախընտրական շտաբ:
Վերջինս նաեւ իր ուրախությունն է հայտնել, որ Հայ ազգային կոնգրեսը սկսել է նախընտրական քարոզարշավը: ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, թե քարոզարշավի 25 օրերի ընթացքում իրենք լինելու են բոլոր մարզերում եւ այդ ընթացքում կկազմակերպեն 2 հանրահավաք: Իսկ որպես ՀԱԿ-ի հիմնական թիրախ լինելու է Հանրապետականը, այլ ուժերի նրանք չեն պատասխանելու:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում գրանցված թեկնածուներն են Արամ Մանուկյանը (ՀԱԿ), Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Սաթիկ Սեյրանյանը (ինքնաառաջադրված), Արտակ Սարգսյան (ՀՀԿ), Արմեն Եփրեմյան (ՀՀԿ-ական ինքնաառաջադրված) եւ Ալեքսան Մինասյան (ինքնաառաջադրված):
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























