Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը թիվ 32 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական պաստառը կախող բանվորներին թույլ չի տվել կախել պաստառը ոչ թե սպառնալու, այլ` «օրենքի տառը պահպանելու» նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը: Նրա խոսքով, իրեն տեղեկացրել են, որ ինչ-որ գործողություն է կատարվում, ինչից հետո մոտեցել է պաստառ փակցնողներին եւ 1 րոպեի սահմաններում հարցրել, թե ինչ պաստառ են փակցնում: «Բանն այն է, որ չէր երեւում, թե ինչ պաստառ է քաղաքական է կամ չգիտեմ ինչի գովազդ է, հետեւաբար մոտեցել եւ հարցրել եմ, թե ինչ է: Էտ մարդիկ էլ ընդամենը բանվոր մարդիկ էին, ասացին, որ տեղյակ չեն իրենց ասել են տարեք կախեք իրենք էլ կախում են: Ես էլ ասացի խնդրում եմ, ով ձեզ ասել ա, փոխանցեք, որ թող փաստաթղթերը օրինականացնեն, որ ամեն ինչ օրինական լինի»,- ավելացրեց քաղաքապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թիվ 32 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը ահազանգել է բռնությունների մասին: Շտաբը հաղորդագրություն է ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Դրանում մասնավորապես ասվում է. «Թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32 ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի եւ բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար: Սույն թվականի ապրիլի 8-ին, ժամը 18-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երեւանյան խճուղու վրա գտնվող ԷԳԱ ՍՊԸ-ին պատկանող գովազդային վահանակին, թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս, Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի եւ բռնի գործողություն: Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել եւ սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ, պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետեւ պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ իր խոսքերով ասած «իր քաղաքում» ոչ ոք իրավունք չունի այլ պաստառ տեղադրել: Կատարված դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով պաշտոնական լիազորությունների չարաշահում քրեական գործ հարուցելու նպատակով:
Դեպքի մասին տեղեկացվել է նաեւ ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը»: Նշենք, որ այդ տարածքում առաջադրվել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:




























