ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղյակ է եղել, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը ելույթ է ունենալու ՀՅԴ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ եւս մի քանի հարցի պատասխանեց, որոք ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Բոստանջյան նախընտրական պրակտիկայում ոչ այնքան տարածված երեւույթ է, երբ կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչը մասնակցի իրեն ընդդիմադիր համարող կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացմանը եւ իր ելույթում գովի այդ ուժին: Ինչո՞վ էր պայամանավորված Ձեր այս քայլը:
Ես այդ կուսակցության պատգամավորների հետ միշտ մոտ հարաբերություններ եմ ունեցել: Իրենք մոտավորպես 10 օր առաջ այդ ծրագիրը տվել էին ինձ եւ հրավիրել: Առաջարկել էին, որպես մասնագետ մի երկու բան ասել ծրագրի վերաբերյալ: Բնականաբար ես չմերժեցի այդ հրավերը եւ գնացի: Որպես մասնագետ ասացի, որ ծրագիրը մի կողմից վատը չէ, իսկ մյուս կողմից էլ նաեւ ասել եմ, որ ծրագրում ինչ պահեր կան, որոնց վրա եւս կարող էին ուշադրություն սեւեռել: Որոնք իրենց հերթին հրատապ լուծման կարիք ունեն հասարակության համար:
Իհարկե, Դուք հայտնի եք Ձեր մասնագիտական հմտություններով: Բայց Ձեր այս քայլը ի՞նչ արձագանք գտավ Ձեր կուսակցության ղեկավարության մոտ: Ամեն դեպքում դուք կուսակցական եք:
Բացարձակապես դրա վերաբերյալ արձագանք չի եղել: Գոնե ես չեմ հասցրել լսել: Ինչ վերաբերում է իմ գնալուն, ապա մեր կուսակցության նախագահը տեղյակ է եղել դրա մասին: Ես իրեն տեղյակ եմ պահել: Ոչ, թե որ գնալու եմ այլ ասել եմ, որ հրավիրել են, ես ընդունե՞մ այդ հրավերը, թե` ոչ: Այսինքն` ես կուլտուրայի բոլոր շրջանակներում եմ գտնվել:
Իսկ ինչպիսի՞ն էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արձագանքն այդ հրավերին եւ մասնավորապես Ձեր դրական շեշտադրումներով ելույթին:
Բոլոր դեպքերում, երբ այդ հարցը բարձրացրել եմ, ասել է. «Ինչպես չէ. եթե հրավիրել են, ուրեմն անպայման պետք է գնալ»: Իսկ գնալու պարագայում էլ ես կարծում եմ, որ հանցագործություն չի կատարվել:
Իսկ հնարավո՞ր է, որ ժամանակ անց համալրեք ՀՅԴ կուսակցության շարքերը, հաշվի առնելով, որ ԲՀԿ համամասնական ցուցակում տեղ չեք զբաղեցրել:
Ովքեր հակված են նման քննարկում իբր «բստրել», չարաչար սխալվում են: Ես շարունակում եմ մնալ ԲՀԿ կուսակցության անդամ:
Նշենք, որ Վարդան Բոստանջյանը ելույթ էր ունեցել ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ եւ գովել ՀՅԴ-ի ծրագիրը, այն համարելով իրատեսական եւ հիմնավոր:




























