Թերթը գրում է, թե օրերս հայրենի հայտնի քաղաքական գործիչներից մեկը բավական հետաքրքրաշարժ միտք արտահայտեց. «Կուսակցությունների համամասնական ցուցակներում փաստորեն ընդգրկված է մեր երկրի ողջ քաղաքական էլիտան»։
Թե կա մի բան, որ մեզանում լիառատ է դարձել այս տարիներին, ապա էլիտաներն են։ Ինչպիսիք ասես որ չկան այսօր։ Վարչական, գործարար, մշակութային։ Բայց, թերեւս, ամենից արտասովորն ու մեծաթիվը քաղաքականն է։
Մենք այն աստիճան ենք վարժվել «քաղաքական էլիտա» արտահայտությանը, որ նույնիսկ հարց չենք տալիս ինքներս մեզ. իսկ ովքե՞ր են նրանք։ Ներկայիս ընկալմամբ՝ նրանք, ովքեր ազդեցիկ են ու հայտնի, ովքեր բարձր պաշտոն ունեն կամ էլ ծայրահեղ դեպքում, որեւէ «վստահության մանդատ»։ Բայց մի՞թե իրականում դա էլիտա է։
Ասում են, որ մեր ներկայիս պատգամավորները մեծ մասամբ անդաստիարակ են։ Բայց մի՞թե նրանք, որոնց կընտրենք մայիսին, ուրիշ կլինեն։ Եվ բնավ ոչ այն պատճառով, որ «ԱԺ-ն ընդամենը մեր հասարակության հատվածն է»։ Խնդիրը դա չէ։ Ընտրելու բան չկա. այ թե որն է դժբախտությունը։
Շատերն այսօր դատողություններ են անում իշխանության մեջ ինչ-որ նոր մարդկանց անհրաժեշտության մասին։ Իսկ որտեղի՞ց պիտի նրանք հայտնվեն։ Հայրենի էլիտան թարմ արյան ներհոսք չունի։ Անհնար է մտաբերել որեւէ նոր անուն՝ վառ ու ինքնօրինակ, գիտության, մշակույթի, քաղաքականության ներկայացուցիչների շրջանում։ Ոչ մի մասշտաբային դեմք։
Հայաստանի ինտելեկտուալ էլիտան մանրացել ու լուրջ ճգնաժամ է ապրում։ Արդյունքում քաղաքականության ոլորտում, որը պիտի կադրեր քաղի այնտեղից, նույնպիսի տաղտկալի լճացում է։ Ինչ-որ նոր մարդիկ կարծես թե հայտնվում են, բայց արտաքուստ այն աստիճան անդեմ եւ այնպիսի թեթեւամիտ գաղափարներով, որ պարզապես բռնում ես գլուխդ։
Քաղաքական համակարգն աշխատում է հիմնականում փոխարինման սկզբունքով։ Դրա համար էլ X-ի փոխարեն կարող է հայտնվել ոչ պակաս էկզոտիկ Y-ը, իսկ հիստերիկ C-ի փոխարեն՝ թուքը շաղ տվող D-ն։ Տվյալ դեպքում անունները նշանակություն չունեն։ Դրանց մեջ չէ էությունը, այլ նրանում, որ հայրենի էլիտայի վիճակը թույլ չի տալիս կտրուկ բեկում ակնկալել։
Իհարկե, մեզանում շատ են խելացի ու բարեխիղճ մարդիկ, բայց նրանք խուսափում են որեւէ հրապարակայնությունից։ Եվ ճիշտ էլ անում են. համակարգն անողորմաբար դուրս է մղում պատահաբար այնտեղ հայտնված բոլորին։
Հայաստանը վաղուց արդեն կորցրել է իր էլիտան։ Այն, ինչ հիմա ունենք, ընդամենը սուռոգատ է, անճոռնի նմանակում։ Կեղծ էլիտա։ Դա դեռ ոչինչ, բայց նա հասարակության վզին է փաթաթում իր պատկերացումները կենսական արժեքների մասին։
Ուշադիր նայեք պատգամավորական մանդատների համար պայքարի ելածների դեմքերին, ուշադիր լսեք նրանց ճառերը։ Մի՞թե դա է էլիտան, որին ազգը պիտի ընդօրինակի։ Սրտաճմլիկ հեռանկար է։
Այ թե ինչ պարադոքս է ստացվում. կյանքը կարծես թե դարձել է ավելի ազատ, բայց չգիտես ինչու ապրում ենք առաջվա պես տաղտկալի։ Ասես գամված լինենք թթվածնային բարձիկին. ոչ մի հաճո՛ւյք։
Ի տարբերություն իսկական էլիտայի, կեղծ էլիտան ինտելեկտուալ առումով ամուլ է։ Դա նրա ցեղական հատկանիշն է։ Նա չի կարող որեւէ պատմական հեռանկար առաջարկել հասարակությանը, անկարող է լուծել նրա որեւէ խնդիր։ Միակ բանը, որ անում է, ընդամենը գործողության նմանակումն է։
Կեղծ էլիտան երբեք չի տրամադրվում հասնել արդյունքի։ Նրա համար կարեւոր է միայն արտաքին տպավորությունը։ Դրա համար էլ Հայաստանում պիարը դարձել է քաղաքականության բուն էություն։
Եթե խորամուխ լինենք, հայրենի էլիտան բացարձակ անպտուղ է մեր հասարակության համար։ Եվ ոչ այն պատճառով, որ կտրվել է արմատներից։ Պարզապես երկրի առջեւ ծառացած խնդիրների մասշտաբը չի համապատասխանում այդ խնդիրները լուծելու կոչված անհատների մասշտաբին. ա՛յ թե որն է խնդիրը։
Սուռոգատային էլիտան ընդամենը կեղծվածք է. կարծում ենք, թե վերցրել ենք իսկականը, բայց, պարզվում է, կեղծ է։ Սխալվել ենք. «ապրանքը» փոխանակման ենթակա չէ։
Միակ բանը, որ մտահոգում է այդ մարդկանց, սեփական բարօրությունն է։ Ժամանակին Մ.Բուլգակովը գրել է իր օրագրում. «Էլիտայի մարդը ինքնազոհ մարդն է»։ Եթե այդպես է, ապա Հայաստանը էլիտայից զուրկ երկիր է։
Ի՞նչ կլինի, եթե ամեն օր տրորենք մարգագետնի խոտը։ Կաճի մեկ անգամ, կաճի երկրորդ անգամ, իսկ կավարտվի նրանով, որ օրերից մի օր փոշու միջից կհայտնվի միայն մեկ վտիտ ծիլ։ Եվ բոլորը կհրճվեն նրանով։ Եվ կանվանեն այն «Մեծ Շիվ»...
Նման մի բան էլ տեղի ունեցավ մեր հասարակության հետ։ Թե ինչ կլինի հետո, ոչ ոք չի կարող ասել։
Միգուցե մենք ստիպված լինենք ականատես լինել Արթուր Քեսթլերի «Ապագայի ուրվականի» սարսափազդու տեսարանին, որտեղ մարդիկ միջուկային պայթյունից հետո տեղաշարժվում են չորեքթաթ ու շփվում հառաչանքներով։ Դիտարկվում են, իհարկե, խոսքերը հիշելու եւ ոտքի կանգնելու վեհերոտ փորձեր, բայց դրանք, պարզ ասած, չեն խրախուսվում։




























