Թերթը գրում է, որ Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկեող թիվ 12 ընտրատարածքում գրանցված ընտրողների ցուցակներում զավեշտալի «տեսարաններ» են հայտնաբերել: «Մասնավորապես, այս համայնքում ընդհանուր հաշվով մի քանի հազար քաղաքացիների հասցեների դիմաց գրված է «Եկեղեցու բակ», «Հարակից շենքի հարակից ավտոտնակ», «Նկուղ», «Վառելիքի օբյեկտ, բազա»:
Բերենք ընդամենը մի քանի օրինակ. Սուրեն Սարիբեկյանը գրանցված է Ավանեսովի փողոցի 3/3 ավտոտնակ հասցեում, Ավանեսովի 24-րդ փողոցի ավտոտնակում էլ գրանցված են Հայկուհի Նիկողոսյանը եւ Նարինե Նիկողոսյանը: «Հարակից շենքի հարակից ավտոտնակ». Այս անորոշ հասցեում էլ գրանցված է Քնարիկ Հարությունյանը: Վարդանյան Մարինեն եւս ավտոտնակի բնակիչ է: Սիմոնյան Արշավիրն էլ դպրոցի հարակից տնակի բնակիչ է: Այսպիսի «ճակատագրի» է արժանացել նաեւ Հասմիկ Սիմոնյանը:
Թիվ 12 ընտրատարածքի Արին Բերդի 5-րդ նրբանցքում գտնվող «Վառելիքի օբյեկտ, բազա» ձեւակերպման տակ տեղ է գտել Լիանա Թագվորյանի անուն-ազգանունը; Շուրջ 20 մարդ գրանցված է հենց այս հաշվառման վայրում:
Թիվ 12 ընտրատարածքի Սարմի փողոցի 103 համարի տանը գրանցված է 104 մարդ: Սպասենք ոստիկանության ճշգրտումներին:
Ի դեպ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փակցված ընտրատարածքային քարտեզներն ու դրանց նկարագրությունները բացարձակապես կապ չունեն ընտրատարածքների իրական աշխարհագրության հետ: Օրինակ` թիվ 12 ընտրատարածքի քարտեզի նկարագրությամբ նշված է նաեւ, որ այս տարածքի մեջ է մտնում նաեւ Նոր Արեշ 41-րդ փողոցը, մինչդեռ ցուցակներում այդ փողոցում զետեղված հասցեներից ընտրողներ չկան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























