Երեւանի բոլոր համայնքներում քաղաքապետարանը գրատախտակներ է տեղադրել, որոնք նախատեսված են նախընտրական քարոզչության պաստառները փակցնելու համար:

Այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշեց, որ այսօրվա դրությամբ Երեւանում կա 825 գրատախտակ: Նրա խոսքով, քաղաքապետարանը բյուջեից շուրջ 6 մլն դրամ գումար է հատկացրել գրատախտակներ տեղադրելու համար, որի նպատակն այն է, որ քաղաքի շենքերի պատերը չաղտոտվեն:

«Մենք տեղեր ենք հատկացրել, քանի որ գտնում ենք, որ չի կարելի քաղաքն աղտոտել միայն նրա համար, որ դու այս կամ այն տեղում ես ուզում փակցնել քո գովազդը» ,- ընդգծել է նա:

Ա. Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրար կողք տեղադրվող երեք գրատախտակներից յուրաքանչյուրի վրա ամեն կուսակցությունը կարող է փակցնել A3 ֆորմատի միայն մեկ պաստառ: Գրատախտակները փողոցներում կլինեն մինչեւ մայիսի 5-ը, որից հետո կհանվեն: