«Օրինաց երկիր» կուսակցությունը մինչեւ քարոզարշավի ավարտը կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչներին կներկայացնի 100 կետից բաղկացած առաջարկություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին կրթության եւ գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Նրա կարծիքով՝ ՕԵԿ-ը բացառիկ է կրթության եւ գիտության ոլորտին վերաբերող օրինագծերի առումով եւ անցած տարիների ընթացքում այդ ուղղությամբ մի շարք աշխատանքներ է տարել, օրինակ՝  վերջ է դրեց դպրոցների, մանկապարտեզների եւ այլ ուսումնական հաստատությունների սեփականաշնորհմանը, եւ մի քանի տարի է, ինչ Հայաստանում այլեւս դպրոցի շենք, մանկապարտեզ չի վաճառվում:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ կրթության եւ գիտության  ոլորտում առկա մի շարք խնդիրների: Նա առաջարկում է «մաղարիչի համակարգը քոքից կտրել, ուսման վարձը հանել, նախապատվություն տալ երեխայի գլխի պարունակությանը, ոչ թե ծնողի գրպանի պարունակությանը, ընդունելության քննությունները, սովետական զաչոտների  համակարգը վերացնել, քանի որ դրանք դարձել են փող վաստակելու միջոց: Նրա խոսքով՝  ուսանողը եւ դասախոսը  պետք է քիչ շփվեն իրար հետ, որովհետեւ այդպես կաշառք վերցնելու հնարավորությունը մեծանում է: ՕԵԿ-ը առաջարկում է բուհերում ստեղծել կարիերայի կենտրոններ, այլապես, Արթուր Բաղդասարյանի խոսքով, «բուհը շտամպով շրջանավարտներ է դուրս բերում, տարիներ սովորում են եւ դառնում վաստակավոր գործազուրկ»:

Ելույթ ունեցող ՕԵԿ անդամները կարեւորեցին կրթության, գիտության զարգացմանը, այն հասանելի  դարձնել բոլոր համար, սեփական երկրում  ապահովել որակյալ կրթություն: Նրանք կոչ արեցին քվեարկել ՕԵԿ-ի օգտին, որպեսզի կարողանան իրենց մնացած ծրագրերը եւ նախագծերը իրականացնել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՕԵԿ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը նշեց, որ հանդիպման դահլիճը նախատեսված է 500 մարդու համար, թերեւս այդքան էլ ներկա էին հանդիպմանը: Ներկաները հիմնականում Երեւանից էին, մասնավորապես՝ Արթուր Բաղդասարյանին պատկանող Ֆրանսիական համալսարանի, Եվրոպական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական անձնակազմից: