Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ընտրողների թիվն ուռճացված է: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Գայանե Առուստամյանը:
Նրա խոսքով, Ավան համայնքը եւ Նոր Նորքի 2-րդ զանգվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքի ընտրացուցակներում, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական տվյալների, 64280 ընտրող է ներառված, ինչը, «մեղմ ասած, ուռճացված է»:
«Մենք որոշել ենք ինքներս ճշտել այդ թիվը: Բոլորը խոսում են արտագաղթի մասին, որ աճել է, սակայն ընտրողների ցուցակներն ավելանում են: Միայն Ավանում ընտրողների թիվն աճել է 4000-ով: Իմ ձեւավորած շտաբի կամավորները ընկնում են դռնեդուռ, պարզելու համար այդ անճշտությունները: Միայն երեկվա տվյալներով հայտնվել են երկու հարյուր խախտում: Ավանում, օրինակ՝ միայն 7000 մարդ ֆիզիկապես գոյություն չունի: Ցուցակների հետ կապված կա նաեւ այն խնդիրը, որ ցուցակներից պարզապես դուրս են մնացել մարտի 1-ին զոհված Տիգրանի ծնողները», - նշեց Գայանե Առուստամյանը:
Վերջինս նշեց նաեւ, որ, թեեւ Ավանում վախի մթնոլորտ է տիրում, բայց շատերն են հրաժարվել ընտրակաշառքից։




























