ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այսօր` ապրիլի 11-ին, հայտարարեց քաղաքացիական հասարակության նախագծերի առաջարկների ներկայացման մասին` հասցեագրված շրջակա միջավայրի եւ անվտանգության մարտահրավերներին: Այն իրականացվում է որպես Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության եւ շրջակա միջավայրի (ՔԳԱՇՄ) ծրագրի մաս:

ՔԳԱՇՄ ծրագիրը Շրջակա միջավայր եւ անվտանգություն նախաձեռնության մասն է, որը ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնապահպանապան ծրագրի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի համատեղ ծրագիրն է` ՆԱՏՕ գործակցային անդամակցությամբ:

Բնական պաշարների կայուն կառավարումը, պայքարը հողի դեգրադացման դեմ, բնական եւ արհեստածին աղետները, վնասակար թափոնները եւ թունաքիմիկատների կառավարումը, էներգետիկան, կլիմայի փոփոխությունը, հանքարդյունաբերությունը, կայուն տրանսպորտային համակարգը եւ էկոկրթությունը ՔԳԱՇՄ ծրագրում ընդգրկված ոլորտներից են:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները վերոնշյալ ոլորտներին վերաբերող առաջարկները կարող են ներկայացնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ, Տնտեսական եւ բնապահպանական բաժին` հետեւյալ հասցեով. 0012, ք. Երեւան, Սունդուկյան 64/1, հեռ. 010 229610, կամ էլեկտրոնային տարբերակով`  [email protected], մինչեւ 2012 թվականի մայիսի 25-ը:

Փոքր դրամաշնորհների ծրագրի հայտարարության, հայեցակարգային փաստաթղթի ձեւաչափի, ծրագրին դիմելու ընթացակարգի վերաբերյալ այլ մանրամասների համար այցելեք կայքը: