«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սաթիկ Սեյրանյանը վաճառել է իր ամառանոցը քարոզարշավի ընթացքում կազմակերպչական ծախսերը հոգալու համար: Սեյրանյանն այդ մասին հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Տիկին Սեյրանյան, տեղեկություն ունենք, որ վաճառել եք ձեր բնակարանը:
Բնակարանը չէ, ամառանոցն եմ վաճառել: Բնականաբար կազմակերպչական ծախսերի եւ քարոզչությունս կազմակերպելու համար ինձ գումար է անհրաժեշտ, իսկ ես որեւէ կուսակցության չեմ պատկանում, ոչ էլ օլիգարխ եմ, ինչպես իշխանական թեկնածուն, որ հարկային բոլոր պարտավորություններից ազատված է եւ իշխանությունների հովանավորությամբ է գործում: Բնականաբար ես պետք է ինչ-որ ձեւով ծախսերս հոգամ: Ծախսեր կան որոշակի` քարոզչական նյութեր են, գովազդ եւ այլն:
Իսկ ձեր ամուսինը` Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը ինչպե՞ս է օգնելու Ձեզ ընտրական պայքարում:
Ամուսինս նախընտրական գրասենյակն է ղեկավարում, կազմակերպչական հարցերով է զբաղվում:
Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում բավական թեժ ընտրապայքար է սպասվում: Այդ ընտրատարածքում առաջադրվել են հանրապետական Արտակ Սարգսյանը, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրապայքարը:
Իշխանական թեկնածուն (Արտակ Սարգսյանը-խմբ.) մրցակից չէ։ Նա ոչ էլ արաբկիրցի է: Նա դեգերումների մեջ էր, Բութանիայում ծնվել, Կենտրոնում ապրել, Եղվարդից պատգամավոր ընտրվել, իսկ հիմա եկել է Արաբկիր համայնք: Նա այլ ռեսուրս չունի, քան ֆինանսներն ու վարչական լծակները, որ արդեն գործի են դրվում իշխանությունների կողմից: Իմ տվյալներով, մարդկանց ժամանակավոր գրանցումներ են անում, եւ այնպես է ստացվել, որ «ՍԱՍ» սուպերմարկետների աշխատակիցներին պարզապես ստրուկների պես աշխատեցնում են, աշխատավարձ չեն տալիս, ստիպում են անձնագրերի տվյալներ բերել: Արդեն իսկ սկսել են ընտրակեղծիքները, եւ ես հատ-հատ թվարկելու եմ անունները` ինչ է անում, ում միջոցով է անում եւ երբ է անում: Ավելին ասեմ, որ նախօրեին տեղեկացա, թե նախագահականից որոշ գործարարների նկատմամբ ճնշում են գործադրում, որ իշխանական թեկնածուի համար աշխատեն: Բոլոր լծակները գործի են դրվում այդ թեկնածուի համար, իսկ նա մինչ օրս որեւէ բառ չի արտաբերել, որովհետեւ դա էլ ի վիճակի չէ անելու: Մարդ, ով բարդույթ ունի պատգամավոր դառնալու, չորս տարի անընդմեջ կրում է ԱԺ պատգամավորի համար նախատեսված համարանիշներ, այսօր ուզում է առաջադրվել, եւ իշխանությունները սատարում են ցանկացած քայլի դիմելով, խախտելով բոլոր իրավունքները, բոլոր օրենքները:
Որպես արաբկիրցի ո՞րն է լինելու Ձեր հաղթաթուղթն առաջիկա ընտրություններում:
Իմ հաղթաթուղթը իմ գործունեությունն է տարիների ընթացքում, որ միշտ բաց եւ հրապարակային է եղել բոլորի համար: Ես եւ մեր լրատվամիջոցը կանգնած է եղել քաղաքացիների կողքին, ոչ թե շահագործել է, ինչպես իշխանական թեկնածուն, որ ստրուկի պես աշխատեցնում է այդ երիտասարդներին, ինչ է, թե հացի խնդիր են ապահովում: Իմ հաղթաթուղթն իմ գործունեությունն է եւ այն, ինչ ես կառաջարկեմ իմ հանդիպումներում: Ես պայքարելու եմ ընտրակեղծիքների դեմ, որ անգրագետ թեկնածուները տեղ չունենան, առավել եւս Արաբկիրի պես համայնքում: Արաբկիրցիները լավագույնին են արժանի:
Ինչպես եք պատկերացնում պայքարը մյուս թեկնածուների հետ:
Մյուս թեկնածուների հետ ես առողջ, գաղափարական պայքար եմ պատկերացնում, բայց այդ թեկնածուի մոտ ես տեսնում եմ միայն ֆինանսներ ու վարչական լծակներ: Այնպես է ստացվում, որ ես ինքս պաքարելու եմ նաեւ ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների իրավունքների համար: Հերիք է շահագործի այդ երեխաներին:
Հաշվի առնելով ձեւավորված «ավանդույթները»` ի՞նչ եք կարծում, արաբկիրցիները ի՞նչ ընտրություն կկատարեն:
Արաբկիրը միշտ ամենաքաղաքականացված համայնքն է եղել, քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ են ապրում, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում: Եւ նույնիսկ այն, որ իշխանական թեկնածուն ասֆալտապատում է իրականացնում, վերելակ է վերանորոգում, մարդիկ շատ լավ հասկանում են: Մարդիկ ասում են` թող մեզ էշի տեղ չդնի, ասֆալտով ու կաշառքով ոչ մի ձայն չի կարող տանել:
Զրուցեց Արտակ Եղիազարյանը




























