Ազգային ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի դեմ թիվ 35 ընտրատարածքում առաջադրված բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչ, մասնագիտությամբ ֆիզիկոս Հայկ Սուլթանյանն, ամենայն հավանականությամբ, ինքնաբացարկ կներկայացնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Հայկ Սուլթանյանը, ով ներկա պահին արդեն արձակուրդի մեջ է: Վերջինս պատասխանեց եւս մի քանի հարցի, ինչը ներկայացնում ենք ստորեւ:

Պարոն Սուլթանյան Ձեր առաջադրմամբ ի՞նչ հարց եք ցանկանում լուծել:

Իմ առաջադրումը, որպես քաղաքական լուրջ գործընթացի ակտիվ մասնակցության հայտ ընդունեք:

Դուք ոչ միայն Սամվել Բալասանյանի աշխատողն եք, այլեւ նրա մոտ ընկերը, հետեւաբար այդ ինչ հարցեր եք ցանկանում լուծել, որ նրա հետ ընտրապայքարի եք դուրս եկել:

Մոտ ընկեր շեշտելը մի քիչ չափազանցված է: Այդքան էլ մոտ չեմ, բայց նորմալ մարդկային հարաբերությունների մեջ ենք իրար հետ: Այստեղ անձնական խնդիրներ չկան:

Նշեցիք, որ քաղաքական հայտ եք ներկայացնում: Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ Սամվել Բալասանյանի աշխատանքից դժգոհ եք:

Չէ դա նրա աշխատանքների հետ կապ չունի:

Ուզում եք ասել, որ չեք պատրաստվում ինքնաբացարկ ներկայացնել եւ մինչեւ վերջ շարունակելո՞ւ եք Ձեր ընտրապայքարը Սամվել Բալասանյանի հետ:

Դեռ չեմ որոշել, բայց շատ հնարավոր է, որ ինքնաբացարկ ներկայացնեմ:

Ինչո՞ւ, մրցակցությանը չդիմացա՞ք, ղեկավարության կողմից ճնշումնե՞ր եղան ձեր վրա, թե այս ամենը ընդամենը շոու էր:

Ծանոթանալով այդ ընտրատարածքում տիրող իրավիճակին, ընտրողների տրամադրվածությանը, երեւի, իմ կողմից ավելի պրագմատիկ եւ ողջամիտ քայլ լինի ինքնաբացարկ տալը:

Այսինքն` ժողովուրդը հակված է իր ձայնը տալ Սամվել Բալասանյանի՞ն:

Այո:

Բա չէիք կարո՞ղ ընտրողների տրամադրվածությունը ավելի վաղ ստուգել, ինչի արդյունքում եւ վատամարդ չէիք լինի, եւ իզուր տեղն այդքան գումար չէիք ծախսի:

Չէ մինչ առաջադրվելը ոչ մի բան չէր երեւում: Այդ ժամանակ ընտրողների տրամադրվածությունն ինչպե՞ս կարող էի ստուգել:

Իսկ գուցե այս ամենը շոու է:

Եթե շոուի խնդիր լիներ շատ ավելի տրամաբանական էր, ոչ թե գործարանի աշխատողը նման քայլի գնար, այլ մեկ այլ անձնավորություն, որը գործարանի հետ կապ չուներ:

Լավ Սամվել Բալասանյանին տեղեկացրե՞լ էիք, որ ցանկանում եք առաջադրվել եւ նա ինչպե՞ս արձագանքեց: Հնարավո՞ր է, որ Ձեր ինքնաբացարկը պայմանավորված է աշխատավայրում ի հայտ եկած խնդիրներով:

Չէ բոլորովին: Ինչ վերաբերում է տեղյակ պահելուն, ես ոչ թե Սամվել Բալասանյանին, այլ գործարանի տնօրինությանն եմ տեղյակ պահել: Սամվել Բալասանյանը գործարան չի գալիս: Տնօրինությանն ասացի, որ նման մտադրություն ունեմ, մարդիկ էլ ասացին. «Քո խնդիրն է»:

Բոլոր դեպքերում անհասկանալի է, թե այդ ինչ խնդիր եք ցանկանում լուծել, որ Սամվել Բալասանյանը չի կարողանում:

Բոլորովին, նման խնդիր չի առաջացել: Բայց ես ասում եմ, որ շատ հնարավոր է ինքնաբացարկ տամ եւ, եթե ինքնաբացարկ էլ տվեցի նույնիսկ պատրաստ եմ պաշտպանելու Սամվել Բալասանյանի թեկնածությունը եւ մասնակցելու իր քարոզարշավին: Ուզում եմ ասել սրվածություն չկա, այստեղ որեւէ շոուի խնդիր չի եղել: Դե հիմա գիտեք մեր իրականությունը ոնց է:

Ի՞նչ առումով:

Ընտրողների տրամադրվածությունն իրատեսական չէ էլի: Դե, եթե իրատեսական չէ, ինչ իմաստ ունի մարդկային հարաբերությունները սրել: Այս ընտրություններով կյանքը չի սահմանափակվում:

Իսկ շարունակում եք աշխատե՞լ այդ գործարանում:

Ոչ, արձակուրդի մեջ եմ: Ես արձակուրդ վերցրել ու առաջադրվել եմ:

Իսկ եթե շարունակեք պայքարը, էլի կաշխատե՞ք այդ գործարանում:

Չեմ կարող ասել, բայց շատ հավանական է, որ աշխատեմ: Բայց ես ասացի, որ հնարավոր է ինքնաբացարկ տամ, քանի որ մարդիկ Սամվել Բալասանյանի հետ հույսեր են կապում: Նա շատ բազում խնդիրներ է լուծել այդ ընտրատարածքում եւ շատ խնդիրների լուծում էլ մարդիկ կապում են իր թեկնածության հետ:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը