Կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանի կինը` Նարինե Միրզոյանը, ով ընդգրկվել էր ՀՀԿ համամասնական ցուցակում, հանդես է եկել հայտարարությամբ: Նշենք, որ նրա` ՀՀԿ ցուցակում ընդգրկվելը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել մամուլում եւ հասարակության շրջանում:

Ստորեւ ներկայացնում ենք Նարինե Միրզոյանի հայտարարությունը.

«Վերջին օրերին իմ անվան շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է ինձ բացատրություններով հանդես գալ հասարակության առջեւ: Ես բժշկական գիտությունների դոկտոր եմ, Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ ` այն ուսումնական հաստատության, ուր սովորել եմ ու աշխատել երկար տարիներ  եւ որի ստեղծման ու զարգացման հետ կապված եմ ընտանիքիս երեք սերունդներով: ԵՊԲՀ-ը միշտ եւ հատկապես այժմ եղել ու մնում է ինձ համար հարազատ ու մտերիմ: Ասում եմ այս ամենը, որովհետեւ ամենից շատ ցանկանում եմ իմ կատարած սխալի պատճառով առաջացած խնդիրներից զերծ պահել իմ հարազատ համալսարանը եւ նրա ղեկավարությանը: Սխալս կայանում է նրանում, որ չլինելով որեւէ քաղաքական կուսակցության անդամ եւ լավ չպատկերացնելով ընթացիկ նախընտրական գործողությունների տրամաբանությունը, ես ընդգրկվեցի Հանրապետական կուսակցության ընտրացուցակի մեջ: Ընդգծում եմ, որ արել եմ դա սեփական թյուրըմբռնման պատճառով, որի համար ողջ պատասխանատվությունը` ինչպես բարոյական, այնպես եւ վարչական` կրում եմ ինքս: Ցանկացած աշխատող հայ կնոջ պես, կյանքիս երկու գլխավոր կենտրոններն եմ համարում ընտանիքս ու աշխատանքս, իմ դեպքում` գիտությունն ու մանկավարժությունը: Պետք է խոստովանեմ, որ քաղաքականությունը իմ հետաքրքրությունների մեջ երբեք չէր մտնում ու ես հենց այս պատճառով անհրաժեշտ եմ համարում դիմել խնդրանքով` ընդունել ՀՀԿ ընտրացուցակից  իմ ինքնաբացարկը»: