Ժամկետային նախկին զինծառայող, ներկայումս «Գորիս» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սուրեն Կիրակոսյանը ապրիլի 5-ից հացադուլի մեջ է:

«Բանակն իրականում» նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն, Սուրեն Կիրակոսյանը 2009թ. հունիսի 30-ին զորակոչվել է, սակայն, Հայաստանի զինված ուժերի  ռազմաբժշկական վարչության կողմից սահմանված կարգի համաձայն Կիրակոսյանը պիտանի է եղել ոչ շարային ծառայության եւ պետք է զորակոչվեր բուժվելուց հետո։ Սակայն այդ կարգը չի պահպանվել, որի պատճառով տղան փորձել է ծառայությունից խուսափել։ Դրա համար արդեն երկրորդ անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվում: Ապրիլի 5-ից Սուրեն Կիրակոսյանը հայտարարել է հացադուլ` պահանջելով նշանակել իր նկատմամբ համալիր բժշկական հետազոտություն:

Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ին հայտնեց, որ զինծառայողին «Գորիս» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել ապրիլի 7-ին Եղեգնաձորի կայազորից եւ արդեն եղել է հացադուլի մեջ: Ըստ Ղլեչյանի` նա բողոքում է իր նկատմամբ կայացված դատավճռից:

Սուրեն Կիրակոսյանը 2012թ. փետրվարի 24-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասությունների դատարանի որոշմամբ կալանավորվել է ծառայությունից խուսափելու մեղադրանքով: Ըստ ծնողների` Կիրակոսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: