«Օգնություն եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը կոչ է անում Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերը կույր եւ մնացորդային տեսողություն ունեցող ընտրազանգվածին տրամադրել ձայնասկավառակների միջոցով:
«Օգնություն եւ իրավունք»-ից հայտնում են, որ դա կնպաստի կույր եւ մնացորդային տեսողություն ունեցող անձանց իրազեկման իրավունքի վերականգնմանը եւ ընտրական իրավունքի իրացմանը:
«Օգնություն եւ իրավունք» հասարակական կազմակերպությունը պատրաստ է համագործակցել եւ աջակցել բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք ցանկություն կհայտնեն իրականացնել նշված առաջարկը:
Նշենք, որ Հայաստանում կույր եւ մնացորդային տեսողություն ունեցողների ընդհանուր թիվը կազմում է 12537, որոնց մեծ մասն ունի ընտրելու իրավունք, սակայն չունեն իրազեկման պատշաճ հնարավորություն, որի հետեւանքով նրանցից շատերը չեն մասնակցում ընտրություններին: Նրանք չեն կարողանում լիարժեք ծանոթանալ նախընտրական ծրագրերին, մինչդեռ նախընտրական ծրագրերին ծանոթ լինելն է, որ հնարավորություն է տալիս անձին կատարելու իր ընտրությունը:




























