Երեւանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցը արձագանքել է NEWS.am-ի` ապրիլի 4-ի «Դրամահավաք Ստեփան Զորյանի անվան դպրոցում» վերտառությամբ հրապարակմանը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի խմբագրություն դիմած ծնողները հայտնել էին, որ այդտեղ դրամահավաքը «ամենամյա ավանդույթ է» եւ իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար գումարներ հանգանակելու անվան տակ:

Մեզ ուղարկած նամակում դպրոցի տնօրինությունը մասնավորապես նշել է, որ 1996 թ. Երեւանի Ստ. Զորյանի անվան հ. 56 դպրոցն աշակերտների առաջարկությամբ սկսել է Հայաստան համահայկական հիմնադրամին ամենամյա խորհրդանշական հանգանակություն կատարելու գործընթացը: Նրանց փոխանցմամբ`  միջոցառման նպատակը ոչ թե հանգանակված գումարի չափն է, այլ «երեւույթի կարեւորությունը` այսօրվա աշակերտի` ՀՀ ապագա քաղաքացու մեջ պետական մտածողություն սերմանելը»:

«16 տարի շարունակ ապրիլի 24-ի նախօրեին (ամսաթվի ընտրությունը նույնպես խորհրդանշական է) մեծ շուքով կազմակերպվել է հանգանակությունը, որին ներկա են եղել հրավիրվածներ Հայաստան համահայկական հիմնադրամից, ծնողական համայնքից:

Յուրաքանչյուր տարի` ապրիլ ամսվա սկզբին, անցկացվել է ծնողական խորհրդի նիստ կամ ընդհանուր ծնողական ժողով, որտեղ ներկայացվել է միջոցառման էությունը, նպատակը, ինչպես նաեւ գումարը հանգանակելու առավել նպատակահարմար ձեւը. այն է` մեկ ամսվա ընթացքում աշակերտները, նախապես տեղեկացված լինելով գործընթացի նպատակին, իրենց օրապահիկի գումարից տնտեսած մանրադրամը գցում են հանգանակության արկղը: Շեշտենք, որ որեւէ ուսուցիչ չէր կարող խրախուսել կամ փնովել աշակերտին, քանի որ ոչ ոք տեղյակ չի լինում, թե ով ինչքան գումար է գցում արկղը: Միջոցառման նախօրյակին յուրաքանչյուր դասղեկ դասարանի աշակերտների ներկայությամբ հաշվում է հանգանակված գումարը, այն դրվում է ծրարի մեջ եւ ընդհանուր միջոցառման օրը հանդիսավոր կերպով հանձնվում է աշակերտական խորհրդի անդամներին: Այնուհետեւ հանգանակված ողջ գումարը նույն օրը փոխտնօրենը եւ աշակերտական խորհրդի անդամները հանձնում են Հայաստան համահայկական հիմնադրամ` ստանալով Ազգային տուրքի վկայագիր (կարող ենք ներկայացնել բոլոր 16 վկայագրերը), որը որոշ ժամանակ փակցված է մնում դպրոցի ցուցապատին»,- նշել են նրանք:

Դպրոցի տնօրինության համար անհասկանալի է, թե այս 16 տարիների ընթացքում ինչու ոչ մի ծնող չի բարձրաձայնել իր բողոքը ծնողհանդիպումների ժամանակ կամ գոնե դասղեկների եւ ծնողխորհրդի միջոցով: «Պետք է ասենք, որ երեխաները մեծ ոգեւորությամբ են մասնակցում չպարտադրված հանգանակությանը, ինչը գուցեեւ որոշ ծնողների դժգոհության առիթ է հանդիսացել»,- նշել են նրանք:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի խմբագրություն դիմած ծնողները հայտնել էին, որ բոլոր դասարանների աշակերտներին դպրոցի տնօրինությունը եւ ուսուցիչները հորդորում են ամեն օր դասարանում տեղադրված հանգանակությունների արկղում գումար գցել եւ ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում դասղեկներն ամեն առավոտ հսկում են, թե որ աշակերտն որքան փող է գցել եւ առավել շատ գումար հանգանակածները հատուկ գովեստի են արժանանում ուսուցիչների կողմից: Ծնողները բողոքում էին, որ եթե սա լիներ մեկ կամ մի քանի օր, ապա գոնե տանելի կլիներ, բայց գումար պետք է նվիրաբերվի ամբողջ ամսվա ընթացքում եւ քիչ գումար հանգանակող երեխաները բողոքելով են գալիս տուն, թե՝ մեզ էլ շատ գումար տվեք արկղը գցելու համար: