Շիրակի մարզում ավարտվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Միջոցառումն անցկացվել է Գյումրի քաղաքում՝ մարզի ավելի քան 200 երիտասարդների եւ ուսանողների մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին Գյումրու 14 բարձրագույն եւ միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները, «Գյումրի-Անի», «Արմսփյուռ» հասարակական կազմակերպությունները, «Ընտանիք» կենտրոնը եւ ՀՀԿ Գյումրիի երիտասարդական կազմակերպությունը:

Խաղի 1-ին եւ 2-րդ կիսաեզրափակիչներից հետո ընտրվել են լավագույն 5-ական թիմերը, որոնք էլ մասնակցել են եզրափակիչ փուլին: Եզրափակչում նրանց են միացել խաղի ընթացքում բարձր արդյունքներ արձանագրած եւս 3 թիմեր։ Ինտելեկտուալ խաղում առաջին տեղը գրավել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Պոլիտեխնիկ» թիմը։ Երկրորդ տեղում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի «Ժող» թիմը, իսկ երրորդ հորիզոնականը գրավեց «Եվրոպա» թիմը։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի երիտասարդության եւ ուսանողության շրջանում ինտելեկտուալ շարժման ակտիվացմանը, ուսանողության եւ երիտասարդության համախմբմանը, ինչպես նաեւ խթան հանդիսանալ նրանց հասարակական ակտիվության բարձրացմանը: