Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մինչ օրս փոքր աղբարկղների կարիք է զգացվում: Չնայած Գյումրին դասվում է մաքուր քաղաքների շարքին, սակայն բնակիչների մի մասը այդ ու հանդերձ դժգոհ է կատարվող աղբահանության որակից ու քաղաքի փողոցներում փոքր աղբամանների բացակայությունից: NEWS.am-ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Աղեկյանը նշեց, որ աղբահանությունը քաղաքում իրականացնում է 3 կազմակերպություն, որոնք քաղաքի տարբեր հատվածներում իրականացնում են միայն կենցաղային աղբի մաքրման աշխատանքներ, այնուհետ աղբը տեղափոխվում է վերջերս շահործման հանձնված աղբի վերամշակման գործարան: Նրա փոխանցմամբ, ակնկալվում է, որ աղբի ծավալների մեծացման հետ կլինեն նաեւ նոր աղբահան մեքենաներ ու աղբամաններ, ինչպես նաեւ փոքր աղբարկղեր. «Դրանք մի ժամանակ դրվել են, բայց ինչ-ինչ պատճառներով անհետացել են, եւ հիմա էդ ածխատանքները քաղաքապետարանը ծրագրել է»:
«Ամեն օր է կատարվում աղբահանությունը, կենցաղ աղբի տեղափոխումը, դրան գումարած քաղաքապետարանի բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժինն ունի աշխատանքային խմբեր, որոնք փողոցի ավլած աղբակույտերն են հեռացնում քաղաքից»,-ասաց Լիլիթ Աղեկյանը, հավելլով, որ այսօր փոքր խնդիր կա կապված շինարարական աղբի տեղափոխման հետ. «Արդեն մաքրված փողոցում մարդիկ շուռ են տալիս շինաղբը, մինչդեռ էդ մարդիկ պետք է աղբը տեղափոխեն աղբատարներով, գլխացավանք չստեղծելով բնակիչներին ու քաղաքային իշխանություններին»:
Քաղաքապետի մամուլի քարտուղարը չի հերքում, որ իրենց կողմից եւս թերացումներ են լինում. «Եթե հանկարծ լինեն կուտակումներ, ուրեմն մենակ մեքենաների տեխնիկական թերությունների հետ կարող է կապված լինել, այլ խնդիր մենք չունենք: Հստակ սահմանված ժամերի աղբահան մեքենաները աղբը գործարան տեղափոխում են, իրենք արդեն էդ ժամերը գիտեն, վերամշակվում է, ապակյա տարաները մի կողմ, պլաստիկը մի կողմ, իրենք գիտեն իրենց գործը, մնացածն ուղարկում են քաղաքային աղբավայր»:
Կենցաղային աղբահանությունը Գյումրիում սկսվում է առավոտյան ժամը 6-ից, կեսօրին արդեն ավարտվում են աշխատանքները,-վստահեցնում է նա, մինչդեռ մեր ֆոտոխցիկը որոշ թաղամասերում ժամը 13:00-ի դրությամբ այլ պատկեր ֆիքսեց:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները` հեղինակի



























