2009թ. 6 հոգի Ադրբեջանում զոհ են գնացել կտտանքների: Այդ մասին, ըստ «APA» գործակալության, դեկտեմբերի 7-ին հայտարարել է Կտտանքների դեմ ադրբեջանական կոմիտեի նախագահ Էլչին Բեհբութովը:
Նրա խոսքով, 2009թ. 10 ամիսների ընթացքում կոմիտեին կտտանքների փաստերով դիմել են երկրի 110 քաղաքացիներ:
Կոմիտեի նախագահը հրաժարվել է ներկայացնել դիմողների անունները՝ դա բացատրելով նրանց անվտանգության խնդրով. «Ցավոք, այս երկրում կտտանքներից 6 մարդ է զոհվել, որոնցից երեքը մահացել են հենց կտտանքների արդյունքում, մյուսները ինքնասպանություն են գործել»:
Բեհբուդովը նաեւ հայտնել է, որ կտտանքների ավելի մեծ թիվ արձանագրվում է ուժային մարմիններում նախաքննության ժամանակ: Ի դեպ, կտտանքների ենթարկվածների մեջ 15-ը կանայք են:
2008թ. կոմիտեին դիմածները 81-ն էին, որոնցից մահացել էին 3-ը: Ավելի հաճախ ձերբակալվածների վրա ճնշում բանեցնելու համար օգտագործվում են մահակներ, որոնցով հարվածում են ոտնաթաթերին՝ հետքեր չթողնելու համար, վառվող սիգարետներ, հոսանքահարում, եղունգներ քաշել: Իրավապաշտպանը նույնիսկ տեսագրություն է ներկայացրել, որտեղ ներկայացված էին կտտանքների ենթարկվածներից մի քանիսը:
Բեհբութովի խոսքով, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել կտտանքներ կիրառելու համար:




























