Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 16-ին, ժամը 12.10-ին, Մալաթիայի բաժին է ներկայացել 42-ամյա Վարդան Վ.-ն եւ հայտարարել, որ ապրիլի 15-ին, ժամը 18.40-ին, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի շքամուտքում ինքն է վիճաբանել է Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Բաբկեն Գարոյանին եւ Գայանե Առուստամյանին, որոնք դիպել են շքամուտքի միջանցքի պատին եւ հնարավոր է ստացած լինեն մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդան Վ.-ն նաեւ հավելել է, որ ինքը ոչ ոքի չի հարվածել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ ապրիլի 15-ին Հարավ-Արեւմտյան թաղամասում դաժան ծեծի է ենթարկվել պատգամավորության թեկնածու, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակի 77-րդ համարը զբաղեցնող Բաբկեն Գարոյանը:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողները եղել են թիվ 7 ընտրատարածքում առաջադրված, հանրապետական թեկնածու Սամվել Ալեքսանյանի մտերիմները:
Ըստ այդմ, նշվում է, որ խոչընդոտվել էր Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Դրանից հետո՝ ժամը 19-ի սահմաններում, ՀԱԿ ակտիվիստները փորձել են քարոզարշավը շարունակել Սվաճյան փողոցում: Սվաճյան 44 հասցեում մի խումբ ակտիվիստներ՝ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի գլխավորությամբ, թռուցիկներ են բաժանել, երբ մոտ 10-12 ֆիզիկապես պինդ երիտասարդներ հարձակվել են նրանց վրա:
ՀԱԿ ակտիվիստներին հայհոյել են, քաշքշել, խոչընդոտել տեսանկարահանումը: Թեկնածու Բաբկեն Գարոյանը փորձել է կարգի հրավիրել հարձակվողներին, եւ ծեծի է ենթարկվել: Ծեծի արդյունքում կոտրվել է թեկնածուի քիթը, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հարձակվողները նաեւ հարվածել են Գայանե Առուստամյանին: ՀԱԿ-ի շտաբը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանությանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀԱԹ Ա1 թաղամասում Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի ընտրապայքարը: Մի քանի տասնյակ կանայք եւ տղամարդիկ Փաշինյանից եւ ընդդիմադիր ակտիվիստներից պահանջել են թռուցիկներ չբաժանել, նաեւ հայհոյախառն վանկարկումներով ստիպել են դադարեցնել քարոզարշավը:
Փաշինյանը դեպքի կապակցությամբ տեղեկացրել էր ոստիկանությանը:




























