Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը թափ է հավաքում Եվրոպայում եւ Ամերիկայում: Իրատեսակա՞ն է ադյունքում Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստը ճանաչելն ակնկալելը: NEWS.am-ի հետ հարցազրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երեւան) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հիշեցրել է, որ 2012թ. ապրիլի 24-ը արդեն երրորդը կդառնա, երբ թուրքերն իրենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստի առթիվ միջոցառում կանցկացնեն:
Հերթական ապրիլի 24-ին մենք կարող ենք երկու հետաքրքիր միտում տեսնել: Նախ, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված շարժումն աճում է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումից հետո: Երկրորդ հետաքրքիր միտումն այն է, որ ամեն տարի Թուրքիայի վրա ճնշումը մեծանում է: Այս համատեքստում, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը սոսկ ժամանակի հարց է, հատկապես հաշվի առնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալը: Այդկերպ, թուրքական պետությունն այլեւս ի վիճակի չի լինի Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն վարել: Դիվանագիտական միջավայրում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումից հետո Հայաստանն ավելի ամուր դիրքերում է:
Նկատո՞ւմ եք Դուք հիասթափության նշաններ Եվրոպայի հայ համայնքներում այն բանից հետո, երբ Ֆրանսիան կես ճանապարհին կանգ առավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքն ընդունելիս:
Նկատում եմ արդյոք հիասթափություն…, անխոս, բայց նկատում եմ արդյոք, որ նրանք հանձնվել են, իհարկե ոչ: Լայն հեռանկարում, Ցեղասպանության ճանաչման առավել կարեւոր կողմը, որին պետք է հասնի ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ սփյուռքը, Դա Հայոց ցեղասպանության ճանաչումն է հենց Թուրքիայի կողմից: Կարեւոր է նաեւ նշել, որ 2012թ. ապրիլի 24-ը արդեն երրորդը կդառնա, երբ թուրքերն իրենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստի առթիվ միջոցառում կանցկացնեն: Այդ իսկ պատճառով մենք պետք է աշխատենք այն թուրքերի հետ, աջակցենք այն թուրքերին, որոնք ճանաչում են ցեղասպանության փաստը:
Չե՞ք կարծում, որ Թուրքիայում այդ գործողությունների ռեժիսորը հենց թուրքական պետությունն է:
Իհարկե` ոչ: Ընդհակառակը, երբ մենք մտածում ենք այդպես, ըստ էության անարգում ենք Թուրքիայում մեր համախոհներին: Ես սկզբունքային եմ այդ հարցում, քանի որ թուրքական շատ մտավորականներ, որոնք ճանաչում են Ցեղասպանության փաստը, բանտարկվում են նաեւ Թուրքիայում ժողովրդավարության համար մղվող պայքարի համար:
Այլ խոսքերով, պետական ոչ մի պայմանավորվածություն չկա, թուրքական պետությունը ճնշման է ենթարկվում ներսից: Շատ առումներով այդ իրավիճակը ծագեց մեկ մարդու մահվան հետեւանքով: Ցավոք, Հրանտ Դինքն իր մահով շատ ավելիի հասավ, քան կարող էր հասնել կյանքում: Դա կայծ դարձավ, որը Թուրքիայում շատերին ստիպեց վերանայել վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի նկատմամբ:
Որքանո՞վ են միասնական գործում թուրքական եւ ադրբեջանական սփյուռքները Հայկական հարցի կողմնակիցներին հակազդելիս:
Հայկական սփյուռքն ամենուր` Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում կամ Ռուսաստանում քաղաքականապես շատ ավելի զարգացած եւ ազդեցիկ է, քան ադրբեջանականը կամ թուրքականը: Պատճառն այն է, որ ամենուր` Ամերիկայում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Ռուսաստանում, հայկական սփյուռքն ուժեղ է, քանի որ այդ երկրների ամբողջական համակարգի մաս է կազմում: Հակառակը, ադրբեջանական կամ թուրքական սփյուռքը դուրս է այդ համակարգերից, նրանք ազգային են եւ նվազ արդյունավետ:
Օրինակ, Ամերիկայի կամ Ֆրանսիայի հայերը երբ աջակցում են Ցեղասպանության փաստի ճանաչմանը, դրանով իրականում ամրապնդում են Ֆրանսիայի կամ Ամերիկայի քաղաքականությունը: Միեւնույն ժամանակ, թուրքական սփյուռքը, որը պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, լինի դա Բուլղարիայում կամ Գերմանիայում, դրանով վնասում են այդ երկրներին: Եթե խոսենք այն պետության մասին, որին լավագույնս եմ ճանաչում` ԱՄՆ-ի մասին, այնտեղ հայերը Ցեղասպանության ճանաչման օգտին են հանդես գալիս, բայց դա արժեքներին դավաճանել չի դիտարկվում: Միաժամանակ, Բուլղարիայում թուրքերը փորձում են այդ երկրի իշխանություններին դեպի սուտը ուղղորդել:
Շատ ամիսներ են անցել այն բանից հետո, երբ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հարաբերությունները նկատելիորեն սառել են: Նկատելի՞ է ինչ-որ առաջընթաց իսրայելյան լոբբիի կողմից Ցեղասպանության ճանաչմանն աջակցելու հարցում:
Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի դեմ հարմար զենք է Իսրայելի համար: Հայոց ցեղասպանության հարցը չպետք է Ֆրանսիայի ներքին հարցը լինի կամ Իսրայելի կողմից Թուրքիայից վրեժ լուծելու քաղաքական գործիք: Դա բարոյական հարց է: Ինչ վերաբերում է հրեական լոբբիին, կպատասխանեմ այսպես. Եւ այո, եւ ոչ: Էական առաջընթացը ոչ թե հրեական լոբբիի շնորհիվ է, այլ` հայ-ամերիկյանի:
Եթե Օբաման օգտագործի «Ցեղասպանություն» բառն անգլերենով, ամերիկահայերը նախընտրական մրցապայքարում նրա՞ն կաջակցեն:
Ես համաձայն չեմ հարցադրմանը, քանի որ ինձ համար կարեւոր չէ` կօգտագործի նախագահը «Ցեղասպանություն» բառը, թե ոչ: Ես Ցեղասպանություն տեսած մարդու թոռ եմ: Ինձ պետք չէ, որպեսզի Ամերիկայի նախագահն ասի այն բանի մասին, ինչն ինձ արդեն հայտնի է: Հենց Օբամայի առումով հետաքրքիր է այն, որ հատուկ որոշեց օգտագործել ցեղասպանությունը բնորոշող հայկական բառը, որպեսզի Թուրքիային համապատասխան ազդանշան ուղարկի: Այնուամենայնիվ, կրկնեմ, ոչ թե Շվեդիան, ոչ թե ԱՄՆ-ն, ոչ թե Գրենլանդիան, այլ հենց Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
Ըստ Ձեզ, Ֆրանսիան կանդրադառնա՞ր Ցեղասպանության ժխտման արգելքի դիտարկմանը, եթե դրանում շահագրգռված չլինեին կուսակցությունները:
Պատկերացում չունեմ: Սակայն թերահավատորեն եւ բացասական եմ տրամադրված, քանի որ դա Ցեղասպանությանը չի վերաբերում, այլ Սարկոզիի քաղաքական ապագային:
Հայոց ցեղասպանության ճանաչմանն աջակցող քաղաքական գործիչները պետք է բարոյական առաքելություն իրականացնեն, քանի որ դա կարեւոր է, ոչ թե հանուն հայերի: Այլ խոսքով` Հայոց ցեղասպանության ժխտումը հավասար է Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունների, Հոլոքոստի ժխտմանը: Միաժամանակ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կկանխի ապագա ցեղասպանությունները:
Վերջերս Հայաստանի խորհրդարանը չընդունեց Օսմանյան Թուրքիայում ոչ հայ փոքրամասնությունների, այդ թվում` ասորիների, հույների եւ եզդիների ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Բարոյականությունը չպե՞տք է գերիշխեր այդ պարագայում:
Ես անձամբ դեմ էի, քանի որ նման ջանքերը թուլացնում են Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դա ոչ թե նրա համար, որ, ասենք, ասորիները արժանի չեն: Սակայն մենք դա պետք է ընդունենք միայն այն բանից հետո, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Ես խոսում եմ այն մասին, որ Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոստը նույն մակարդակում են: Միաժամանակ, ուկրաինացիների կամ ասորիների ցեղասպանությունը նույն մակարդակում չէ: Կան պատմական փաստեր, միջազգային իրավունք եւ ՄԱԿ-ի բանաձեւ: Հայաստանը, լինելով փոքր եւ թույլ երկիր, առաջին հերթին պետք է հասնի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Այնսինքն` թվերը նշանակությո՞ւն ունեն:
Ոչ, թվերը նշանակություն չունեն, այլ թվերը` որոշակի համատեքստում: Այլ կերպ ասած, մենք պետք է ուշադիր լինենք: Եթե մենք ցեղասպանություն տերմինն օգտագործենք առանց օրինական որոշակիության, մենք կթուլացնենք հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը: Ընդ որում, ես չեմ խոսում բարոյականության մասին, ես խոսում եմ դիվանագիտության, միջազգային իրավունքի եւ քաղաքականության մասին: Ինչ վերաբերում է բարոյականությանը, բնականաբար, բոլորովին այլ կերպ է: Սակայն քաղաքականության եւ միջազգային իրավունքի հարցում մենք պետք է ավելի զգույշ լինենք:
Ինչ եք կարծում, կձեռնարկի՞ արդյոք Թուրքիան քայլեր, որը նրանից սպասում է միջազգային հանրությունը 2015 թվականի մոտենալով:
Հուլիսին ես Դավութօղլուի [Թուրքիայի արտգործնախարար] սենյակում էի: Ես զգում էի վախի հոտը: Միանշանակ, Թուրքիան միշտ էլ վախեցել է, եւ դա երկու պատճառ ունի: Առաջին հերթին, ժխտելով ցեղասպանությունը, նրանք միաժամանակ գիտակցում են, որ իրականում եղել է ցեղասպանություն: Բացի դրանից, ամեն նոր տարվա գալով` Թուրքիայի վրա ճնշումն աճում է: Թուրքական սուտը թուլանում է եւ 100 տարվա երկարությամբ սուրը կախվում է նրանց գլխին:
Մենք ապագայում կարող ենք սպասել այն, ինչ այժմ տեղի է ունենում, այսինքն պետք է ուշադրություն դարձնել հեռանկարներին: Թուրքական հանրությունը մոտենում է ցեղասպանության փաստի ճանաչմանը` չնայած շատ դանդաղ եւ անվստահ: Այնուամենայնիվ, հետ նայեք եւ տեսեք, թե ինչքան առաջ ենք մենք շարժվել վերջին 5 տարիների ընթացքում. [Թուրքիայում] Հայոց ցեղասպանության մասին սկսել են գրքեր, թերթերում հոդվածներ տպագրել: Թուրքիան այլեւս չի կարող հետ դառնալ:
Ի՞նչ եք կարծում, իսլամական աշխարհի երկրները կընդդիմանան Ցեղասպանության ճանաչմանը` հաշվի առնելով Թուրքիայի հետ կրոնական համերաշխությունը:
Այդպես չեմ կարծում: Արաբական աշխարհն այժմ զբաղված է իր ներքին գործերով: Բացի դրանից, Թուրքիան երբեք արաբական կամ իսլամական աշխարհի առաջնորդը չի եղել:
«Կընդունի՞ արդյոք Միացյալ Նահանգները Ցեղասպանության փաստը մինչեւ 2015 թվականը» հարցը ծեծված է հնչում, սակայն, այնուամենայնիվ, Դուք դրա նշանները տեսնո՞ւմ եք:
Հնարավոր է` ոչ, սակայն դա կարեւոր չէ երկու պատճառներով: Առաջին, նրանց համար ամոթ պետք է լինի չընդունելը: Երկրորդ, առաջին հերթին մենք պետք է Թուրքիայի վրա ճնշում գործադրենք, որպեսզի նրանից հասնենք ճանաչման: Հետաքրքիր է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով, այն չճանաչած պետությունները կդառնան բարոյապես սնանկ եւ անհեթեթ վիճակում կհայտնվեն:
Արամ Գարեգինյան




























