Րաֆֆի Հովհաննիսյանը համամիտ չէ իր կուսակից Ստեփան Սաֆարյանի կարծիքին այն մասին, որ ընտրությունները վերահսկող միացյալ շտաբը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է: Այդ մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Միաժամանակ նա զարմանք է արտահայտել այն կապակցությամբ, որ լրագրողները դեռ շարունակում են հետաքրքրվել խորհրդարանական ընտրությունները վերահսկող միացյալ շտաբի նկատմամբ իրենց դիրքորոշմամբ:
Հովհաննիսյանը կրկին ներկայացրել է «Ժառանգության» դիրքորոշումը միացյալ շտաբի գործունեության վերաբերյալ:
Միաժամանակ նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ արդեն գրանցվել են ընտրական օրենսդրության բացահայտ խախտումներ. «Հայաստանի Հանրապետական կուսակցության որոշ նախընտրական շտաբներ տեղակայված են պետական եւ քաղաքային կառույցներում: Մենք մտադիր ենք այդ մասին հայտնել համապատասխան կառույցներին»:
Նշենք, որ սկզբնապես ընտրությունները վերահսկող միացյալ շտաբի ստեղծման մասին որոշումը ստորագրել էին իշխող կոալիցիայի մեջ մտնող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, նաեւ ընդդիմադիր «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը:
Ավելի «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ստորագրությունը ժամանակավոր է եղել: Միաժամանակ նրանք եւ մի շարք լրատվամիջոցներ ուշադրություն դարձրեցին Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» տարօրինակ համագործակցությանը, որի հասցեին ՀԱԿ-ի առաջնորդները նախկինում խիստ քննադատությամբ էին հանդես գալիս:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























