Այս տարի դեկտեմբերի 31-ի գիշերը ամանորյա համերգի փոխարեն, տոնական հրավառություն է լինելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը: Նա նշեց, որ նման որոշում է կայացվել` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը .
"Տարիներ շարունակ սովորաբար դեկտեմբերի 31-ի գիշերը մի շարք միջոցառումներ են եղել, սակայն հաշվի առնելով, որ շատ քիչ մարդիկ են գալիս, եւ եկողներն էլ հիմնականում օտարազգի ուսանողներ են, այս տարի համերգի փոխարեն 00:07 կլինի հրավառություն:
Հնարավոր է, որ այս տարի` ի տարբերություն նախորդ տարիների, տոնական օրերին հրապարակում երեխաների համար կարուսելներ չդրվեն: Սակայն դա վերջնականապես որոշված չէ եւ հարցը քաղաքապետի հետ դեռ քննարկվում է:
Ինչ վերաբերում է գլխավոր տոնածառի զարդարանքին, Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ ամանորյա ծառի համար հատուկ լուսավորություն եւ նոր խաղալիքներ են բերվել Մոսկվայից: Նոր լուսավորություն է բերվել նաեւ փողոցների համար: Ի դեպ Մոսկվայից բերվել նաեւ 12 մետրանոց երկու արհեստական տոնածառներ, որոնցից մեկը դրվելու է քաղաքապետարանի առջեւ, մյուսը Ֆրանսիայի հրապարակում (օպերային թատրոնի մոտ):
Հայաստանի տարբեր մարզերում եւս կտեղադրվեն տոնածառներ եւ կլինեն ամանորյա միջոցառումներ:
Հետաքրքրական է, որ մեր գլխավոր տոնածառը ԱՊՀ տարածքում իր բարձրությամբ երկրորդն է(29մ) եւ զիջում է միայն Մոսկվայի գլխավոր տոնածառին (30 մ) :
Թե որքան գումար է ծախսվել միջոցառումների համար, Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ դեռ չի կարող պատասխանել, քանի որ մի շարք հարցեր դեռ քննարկման եւ իրականացման փուլում են:
Նշենք, որ այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի բաժնի աշխատակից Սասուն Համբարձումյանն ասաց, որ մինչեւ դեկտեմբերի 27-ը կավարտվեն Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման եւ զարդարման աշխատանքները: Տոնածառը Հանրապետության հրապարակում կլինի մինչեւ հունվարի 13-ը ներառյալ:




























