Ներկայումս Լեռնային Ղարաբաղում պաշտոնապես չի գրանցվել «խոզի գրիպի» որեւէ դեպք: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը:

Ընդ որում, նա ընդգծել է, որ հանրապետության բոլոր շրջանների եւ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում, առկա է «Տամիֆլյուի» անհրաժեշտ քանակություն՝ նախատեսված գրիպի դեմ պայքարի համար:

Իր հերթին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը նշել է, թե ԼՂՀ հանրակրթական հաստատություններում պարապմունքները դադարեցնելու որեւէ հիմք չկա: Դասերից բացակայողների թիվը կազմում է 9 տոկոս: Միայն Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում են դադարեցվել դասերը:

Նախարարի խոսքով, սկսած նոյեմբերի 10-ից՝ հանրապետությունում պրոֆիլակտիկ միջոցառումների համալիր է իրականացվում: Դպրոցներում, մանկապարտեզներում եւ բուհերում ամենօրյա ստուգումներ են անցկացվում: