«Այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարների շուրջ 70 տոկոսն ուղղվելու է Շուշիի վերականգնման աշխատանքներին՝ խմելու ջրի ջրագծերի, գրադարանի, մշակույթի տան եւ այլ հաստատությունների խնդիրները հոգալու համար»,- դեկտեմբերի 9-ին լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։

Նշելով, որ իրենք անում են ամեն բան, որպեսզի հեռուստամարաթոնն իսկապես համահայական դառնա եւ դրան մասնակցեն աշխարհի բոլոր հայերը, նա նկատեց, որ դա, թեպետ, այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, դատելով այս տարվա տվյալներից՝ լրիվ հնարավոր է։ «Սփյուռքի մասնակցությունն այս տարի, օրինակ, երկու անգամով ավելացել է։ ԱՄՆ-ում նվիրատվությունների 18 տոկոս աճ է նկատվել։ Նվիրատվություններ են արվել նաեւ Ֆրանսիայում կազմակերպված հեռախոսամարաթոնի ընթացքում, որին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Շվեյցարիայի ավելի քան 12 հազար 400 ընտանիքներ, ինչը 10 տոկոսով ավել է անցած տարվա տվյալներից։ Իսկ Մոսկվայի բարեգործական ճաշկերույթի ժամանակ 5 մլն դոլարից ավելի գումար է հավաքվել։ Հայաստանում հեռուստամարաթոնի բաղկացուցիչ մաս կազմող SMS քեարկությանը, օրինակ, մասնակցել է 12 հազար մարդ, Հայփոստի տարբեր բաժանմունքներում նվիրատվություններ են արել 15 հազար քաղաքացիներ»,- տեղեկացրեց նա։

Անդրադառնալով սփյուռքահայ եւ հայաստանաբնակ գործարարների կողմից այս տարի արված նվիրաբերությունների թեմային՝ Արա Վարդանյանը նշեց, որ «Հայաստանում եւ ԼՂՀ-ում չի գտնվել մի գործարար եւ պաշտոնյա, ով չի մասնակցել դրամահավաքին»։ Նրա խոսքով, «նախորդ տարվա հեռուստամարաթոնին ամենամեծ նվիրաբերության (15 մլն դոլար) հեղինակ Սամվել Կարապետյանն այս տարի „Հայաստան“ համահայկական հիմնադրամին փոխանցել է 1 մլն դոլար, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմից փոխանցվել է մոտ 8 հազար դոլար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկինի նման, նվիրաբերել է իր՝ այդ ամսվա աշխատավարձը, իսկ նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը՝ 1 մլն դրամ է նվիրաբերել։ 15 մլն դրամ է փոխանցել „Ֆլեշ“ ընկերությունը, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով նախորդ տարի հիմնադրամին 1 մլն դրամ էր փոխանցել, այս տարի նվիրաբերել է 200 հազար դրամ»։ Ոլորտի պատասխանատուի խոսքով, այս տարվա հեռուստամարաթոնին չի մասնակցել խոշոր գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

NEWS. am-ի հարցին, թե ինչո՞վ կբացատրի փաստը, որ նախորդ տարվա համեմատ, նվիրաբերություններն, այնուամենայնիվ, այս տարի զգալիորեն նվազել էին, հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ դրա պատճառը, հնարավոր է, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է եղել, բայց ոչ երբեք անվստահությունը հիմնադրամի աշխատանքների հանդեպ։ Որպես ասվածի վկայություն՝ Արա Վարդանյանը տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ հիմնադրամը Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից նաեւ 2 կտակ է ստացել՝ համապատասխանաբար 1.5 մլն եւ 1 մլն եվրո գումարի չափով։

""Հայաստան" համահայկական հիմնադրամը միայն ամեն տարի կազմակերպվող հեռուստամարաթոնը չէ, այլ իրենից շարունակական, մեծ աշխատանք է ներկայացնում",- եզրափակեց Արա Վարդանյանը։