Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել անօդաչու թռչող սարքերի ոլորտի նորմատիվաիրավական բազա, և այդ աշխատանքները պետք է սկսել հենց հիմա, այլապես կարելի է անդառնալիորեն հետ մնալ ու հայտնվել հետնապահների շարքում։ «Սպուտնիկ»-ի կազմակերպած «Մոսկվա-Երևան» տեսակոնֆերանսի ժամանակ նմանատիպ կարծիք է հայտնել Անօդաչու ավիացիայի և ռոբոտատեխնիկայի ուսումնական կենտրոնի հիմնադիր, Ռուսաստանի ինժեներական ակադեմիայի ակադեմիկոս Մաքսիմ Կոնդրատևը։
Նրա խոսքով՝ ժամանակակից պատերազմի պարադիգմն արմատապես փոխվել է. սկսվել է անօդաչուների, դրոնների և ռոբոտների պատերազմների դարաշրջանը։ Սա նշանակում է, որ հիբրիդային պատերազմները ներառում են ոչ միայն թռչող սարքերի, այլև ցամաքային, ջրային և ստորջրյա անօդաչու համակարգերի հարձակումներ։
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք նոր տեխնոլոգիաներն ավելորդ են դարձնում ավանդական ծանր սպառազինությունը և ընդլայնում են Հայաստանի նման փոքր երկրների հնարավորությունները՝ փորձագետը նշել է, որ էժան թվացող ԱԹՍ-ների թիկունքում թանկարժեք մշակումներ են, որոնք մեծ ներդրումներ են պահանջում։ Ընդ որում, անօդաչուները չեն փոխարինի հրթիռային և միջուկային զսպման միջոցներին։ Որպես ԱԹՍ-ների զանգվածային կիրառման օրինակ՝ նա նշել է այն փաստը, որ 2026 թվականին Ուկրաինային իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է շուրջ 7 միլիոն դրոն։ Իսկ դրոնների միաժամանակյա կիրառման ռեկորդը պատկանում է Իրանին՝ 800 միավոր։ Ըստ փորձագետի՝ եթե երկիրը համակարգեր է գնում, օրինակ՝ Ամերիկայից, ապա ինքնաբերաբար դառնում է ԱՄՆ-ի պատանդը, քանի որ անօդաչու համակարգերը կառավարվում են ամերիկյան արբանյակների միջոցով։ Այսինքն՝ Վաշինգտոնն ի վիճակի է անջատել դրանք հենց այն պահին, երբ գնորդ երկրի և ԱՄՆ-ի շահերը չհամընկնեն։ Որպես հաջորդ կարևոր ուղղություն նա մատնանշել է հակազդման միջոցները։ Երրորդ ուղղությունը մեծածավալ տվյալների հետ աշխատանքն է, քանի որ ժամանակակից «դրոնների պատերազմ» վարելու համար անհրաժեշտ է հավաքագրել և մշակել հսկայական քանակությամբ տեղեկատվություն, ինչը հասանելի չէ փոքր երկրներին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչի վրա պետք է կենտրոնանա Հայաստանը՝ փորձագետը նշել է, որ հարևան երկրները՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը, ակտիվորեն զարգացնում են ԱԹՍ-ների ոլորտը։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն առաջին անգամ ԱԹՍ-ներ կիրառել է Հայաստանի (Լեռնային Ղարաբաղի) դեմ դեռևս 2016 թվականին։ «Դա Հայաստանի համար առաջին ազդակն էր, որ պետք է զարգացնել անօդաչուների ուղղությունը։ 2020-ին տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի միջև մեծ պատերազմը, որտեղ Բաքուն կիրառեց թուրքական հարվածային-հետախուզական ԱԹՍ-ներ»,- թվարկել է փորձագետը։ Նա հավելել է, որ փաստացի «բայրաքթարները» թռչում էին անարգել ձևով և հարվածներ հասցնում անձնակազմին ու տեխնիկային։ Զուգահեռներ անցկացնելով՝ փորձագետը նշել է, որ Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) սկզբում Կիևը գնացել է նույն ճանապարհով՝ օդ բարձրացնելով մեծ քանակությամբ թուրքական ԱԹՍ-ներ, որոնց ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են հենց առաջին ամիսների ընթացքում։
Խոսելով Հայաստանի զարգացման ուղու մասին՝ Կոնդրատևը խորհուրդ է տվել առաջին հերթին Զինված ուժերում առանձնացնել հատուկ ուղղություն, պատրաստել կադրեր, զբաղվել ոչ միայն թռչող սարքերով, այլև հակազդման միջոցներով և ուսումնասիրել Ռուսաստանի փորձը (սխալները չկրկնելու համար)։ Միևնույն ժամանակ, նա ռազմավարական սխալ է համարել շեշտը ծանր ու թանկարժեք անօդաչուների վրա դնելը։ Բացի այդ, անհրաժեշտ է զարգացնել օրենսդրական դաշտը, ընդ որում՝ այդ աշխատանքը պետք է սկսել հենց հիմա, այլապես կարելի է անդառնալիորեն հետ մնալ և այս մրցավազքում հայտնվել հետնապահների շարքում։
Այն հարցին, թե արդյոք կան շփումներ հայ և ռուս մասնագետների միջև, և կա՞ տեղեկություն Ռուսաստանից գնումների վերաբերյալ, փորձագետը նշել է, որ լրատվամիջոցներում և պաշտոնական հաղորդագրություններում նման տվյալների չի հանդիպել։ «Ամենայն հավանականությամբ, նման շփումներ չկան։ Վերջին հրապարակումները վկայում են այն մասին, որ Հայաստանի զինված ուժերը ԱՄՆ-ից ձեռք են բերել ինքնաթիռային տիպի շուրջ 20 անօդաչու համակարգ։ Հայաստանի ԶՈՒ-ն նայում է դեպի արևմտյան ընկերությունների ուղղությամբ», - արձանագրել է Կոնդրատևը։
Նրա խոսքով, սակայն, նույնիսկ ԱԹՍ-ների ստեղծման հարցում ամենաառաջատար երկրները դրանք հավաքում են չինական բաղադրիչներից և ներբեռնում սեփական ծրագրային ապահովումը։ Այսինքն՝ ռազմական նշանակության դրոնների ստեղծման համար անհրաժեշտ բաղադրամասերը կարելի է ձեռք բերել ազատ վաճառքում՝ Չինաստանի շուկաներից։ «Քիչ հավանական է, որ ՌԴ զինված ուժերը որևէ տեխնոլոգիա փոխանցեն Հայաստանին։ Եթե հայկական կողմն ամերիկյան անօդաչուներ է գնում, ապա դաշնակցային ուղին, հավանաբար, ընտրված է», - եզրափակել է Մաքսիմ Կոնդրատևը։



























