«Վեոլիա Ջուր» ընկերությունը պատասխանատու չէ Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար․ շատ դեպքերում դա կապված է մեր մոտեցումների և ստորագրված պայմանագրերի անհամապատասխանության հետ։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչների թունավորման հարցում ընկերության պատասխանատվության մասին հարցին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցից առաջ Փաշինյանը հույս է հայտնել ընկերության հետ համագործակցության և այդ համագործակցության որակի փոփոխության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր։ ««Վեոլիա Ջուր» ընկերությանը չպետք է դեմոնիզացնել, քանի որ ջրի հետ կապված մեր մոտեցումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք։ «Վեոլիա Ջուր» ընկերությանը բերել, դրել ենք հնամաշ, քայքայված ջրային համակարգի վրա։ Պետք է հասկանանք, որ այդտեղ պետք է ներդրումներ անենք, որ նաև այդ գումարը հետ գա ու արդյունք բերի», - նշել է վարչապետը։

Ավելի վաղ ջրամատակարարման օպերատոր ընկերությունը փորձել էր հավաստիացնել, որ զանգվածային թունավորման պատճառը ջրի որակը չէ, սակայն Առողջապահության նախարարությունն արձանագրել էր, որ վերցված նմուշների արդյունքներով բավականին լուրջ շեղումներ կան։