Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի օրն ընդգծել է «հուսալի անդրատլանտյան գործընկերության» կարևորությունը՝ Իրանում ընթացող պատերազմի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է AFP-ն։

«Այս առանձնահատուկ անհանգիստ ժամանակներում մենք հետևում ենք հստակ ուղենիշի,- ասել է Մերցը Գերմանիայի հյուսիսում գտնվող բանակային հրաձգարան այցելության ժամանակ։- Այդ ուղենիշը նախկինի պես ուղղված է միասնական ՆԱՏՕ-ին և հուսալի անդրատլանտյան գործընկերությանը»։

Մերցը չի մեկնաբանել չորեքշաբթի օրը Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքը, որը կապված է Գերմանիայում տեղակայված տասնյակ հազարավոր ամերիկյան զինծառայողներից մի քանիսի վերատեղակայման հետ։

Չնայած Վաշինգտոնից հնչող քննադատությանը՝ Ֆրիդրիխ Մերձը նշել է, որ Բեռլինը Մերձավոր Արևելքի պատերազմի հետևանքների հարցով «սերտ և վստահելի շփումներ է պահպանում գործընկերների, հատկապես՝ Վաշինգտոնի հետ»։

«Մենք գործում ենք ի շահ անդրատլանտյան ընդհանուր շահերի՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքով և պատասխանատվության արդար բաշխմամբ։ Այս գործընկերությունը թանկ է ինչպես մեր պետության, այնպես էլ անձամբ ինձ համար»,— հավելել է նա։

Մերցը Թրամփի զայրույթի թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե Իրանը բանակցությունների սեղանի շուրջ «նվաստացնում է» Վաշինգտոնին։ Երեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ Մերցը «կարծում է, թե Իրանի կողմից միջուկային զենք ունենալը նորմալ է։ Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում»։

Չորեքշաբթի օրը Truth Social սոցիալական ցանցում իր գրառմամբ Թրամփը հայտնել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու հնարավորությունը։