Ռուսաստանում Վ.Ի. Ռազումովսկու անվան Սարատովի պետական բժշկական համալսարանի գիտնականները ստեղծել են սարք՝ ախտահարված օրգանների և հյուսվածքների արագ ախտորոշման համար՝ արյան մատակարարման անհպում գնահատման միջոցով: Մշակումը կօգնի հայտնաբերել խանգարումները և որոշել բուժառուների վիճակի ծանրությունը շաքարախտի, այրվածքների և վիրավորումների դեպքում, հայտնել են բուհի մամուլի ծառայությունից:
Ժամանակակից բժշկության մեջ մաշկի կամ լորձաթաղանթների ամենափոքր անոթներում (մազանոթներում) արյան հոսքը գնահատելու համար կիրառվում է լազերային դոպլերային ֆլոումետրիայի մեթոդը: Այս արագ, անցավ և անվտանգ մեթոդը հիմնված է մաշկը լազերով լուսավորելու վրա. եթե մազանոթներում էրիթրոցիտները (արյան կարմիր գնդիկները) շարժվում են, լույսը փոխում է հաճախականությունը (Դոպլերի էֆեկտ), ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ չափել արյան հոսքի արագությունը և էրիթրոցիտների քանակը, հաղորդում է РИА Новости-ն:
Այս մեթոդի օգնությամբ բժիշկը ի վիճակի է գնահատել, օրինակ, օրգանիզմի այրվածքային վնասվածքի աստիճանը, տրանսպլանտատների կենսունակությունն ու կպչողականությունը, շաքարային դիաբետի դեպքում միկրոանոթային խանգարումների աստիճանը, աղիքի պատի կենսունակությունը որովայնի խոռոչի վիրահատական միջամտությունների ժամանակ և մի շարք այլ դեպքերում անհրաժեշտ տեղեկություններ ստանալ բուժառուի առողջական վիճակը կանխատեսելու համար:
Ռուսաստանի Առողջապահության նախարարության Սարատովի պետական բժշկական համալսարանի քթըմպանաբանության ամբիոնի վարիչ, համալսարանի կլինիկական և կենսաբժշկական հետազոտությունների գիտակրթական կենտրոնի առաջատար գիտաշխատող Գլեբ Մարեևը նշել է, որ լազերային դոպլերային ֆլոումետրիայի մեթոդիկայի կիրառումը Ռուսաստանում սահմանափակված է ժամանակակից սարքավորումների պակասի պատճառով:
Այս խնդիրը լուծելու համար Սարատովի պետական բժշկական համալսարանի հետազոտողները մշակել են ինքնատիպ անհպում ապարատածրագրային համալիր (ԱԾՀ)՝ տարբեր օրգաններում և հյուսվածքներում ծավալային արյան հոսքը հետազոտելու համար: Մշակումն իրականացվել է ժամանակակից տարրային բազայի վրա, ինչը հնարավորություն է տվել նոր սարքը դարձնել թեթև և դյուրակիր, լիովին ինքնավար և բժշկի համար հեշտ յուրացվող:
«Միակ հայրենական սարքը պահանջում է անմիջական մեխանիկական շփում բուժառու հետ: Ներմուծված նմանակները նույնպես աչքի չեն ընկնում դյուրակիրությամբ. դրանք պահանջում են միացում համակարգչին՝ հատուկ ծրագրային ապահովմամբ և բժիշկների հատուկ պատրաստվածություն: Նույն կերպ դրանց օգնությամբ հնարավոր չէ չափումներ անցկացնել առանց հետազոտվող հյուսվածքների հետ ուղղակի շփման, իսկ դա հանգեցնում է տվյալների աղավաղման: Մի շարք դեպքերում, օրինակ՝ վիրահատական միջամտությունների ժամանակ, շփումը հետազոտվող հյուսվածքների հետ անցանկալի է կամ անհնար»,- պատմում է գիտնականը:
«Մեր համալիրը հնարավոր է լայնորեն կիրառվել, այդ թվում՝ մարտական գործողությունների, տեխնոգեն աղետների ժամանակ՝ վնասվածքներ և վիրավորումներ ստացած տուժածների դեպքում և այլ արտակարգ իրավիճակներում՝ արյունահոսությունը դադարեցնելու նպատակով լարաններ և տուրնիկետներ տեղադրելուց հետո վերջույթների միկրոցիրկուլյատոր արյան հոսքը գնահատելու և անդամահատման մասին որոշումներ ընդունելու համար, թափանցող վիրավորումներից հետո և պլաստիկ վիրաբուժության ժամանակ հյուսվածքների կենսունակությունը որոշելու համար: Այն կարող է օգտագործվել նաև այրվածքային վնասվածքի աստիճանը չափելու և տարբեր օրգանների վիրահատական միջամտությունների ժամանակ»,- հավելել է Մարեևը:





























