Բրյուսելի և Մերկոսուր բլոկի միջև համաձայնագիրը, որի մեջ մտնում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը, ուժի մեջ է մտել մայիսի 1-ից՝ առայժմ ժամանակավոր հիմունքներով։ Պայմանագիրը նպատակ ունի խթանել ապրանքների և ծառայությունների փոխանակումը՝ առևտրային արգելքների և մաքսատուրքերի աստիճանական վերացման միջոցով, գրնում է DW-ն։

Մինչ այժմ Հարավային Ամերիկայի երկրներին բաժին էր ընկնում Գերմանիայի արտաքին առևտրաշրջանառության ընդամենը մոտ 1%-ը, սակայն այժմ գերմանական ապրանքների համար նոր հնարավորություններ են բացվում, նշել են Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատների դաշնային միավորումում։ Դա հատկապես վերաբերում է ավտոարդյունաբերությանը, մեքենաշինական և դեղագործական ոլորտներին։

ԵՄ-ի և Մերկոսուրի միջև համաձայնագիրը ստորագրվել էր տարեսկզբին՝ ավելի քան 25 տարվա բանակցություններից հետո։ Այն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Եվրոախորհրդարանի հավանությունից հետո, որի պատգամավորների մի մասը կասկածում է փաստաթղթի համապատասխանությանը եվրոպական իրավունքին։ Այդ հարցում պետք է պարզաբանում մտցնի Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը։

ԵՄ-ում համաձայնագրի գլխավոր քննադատներն են Ֆրանսիան և Ավստրիան, որոնք մտավախություն ունեն, որ Մերկոսուրի երկրների հետ պայմանագիրը կթուլացնի եվրոպական բնապահպանական չափանիշները և հարված կհասցնի եվրոպական ագարակատերերին՝ հարավամերիկյան ավելի էժան արտադրանքի ներհոսքի պատճառով։ Բնապահպանական կազմակերպությունները ևս մտահոգություն ունեն, որ համաձայնագիրը կարող է արագացնել Ամազոնիայի անտառահատումները։