Վաշինգտոնը եվրոպացի դաշնակիցներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Լիտվային և Էստոնիային, զգուշացրել է ամերիկյան զենքի մատակարարումների երկարատև ձգձգումների մասին, քանի որ Իրանի դեմ պատերազմը սպառում է պաշարները, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով հարցին ծանոթ անձանց։
Անցյալ ամիս Reuters գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները որոշ եվրոպացի գործընկերների տեղեկացրել են, որ նախկինում կնքված պայմանագրերով զենքի որոշ մատակարարումներ, հավանաբար, կհետաձգվեն, քանի որ Իրանում պատերազմը շարունակում է սպառել զենքի պաշարները։
Վաշինգտոնի այս նախազգուշացումը Կիևի համար դարձել է «վատ լուր», գրում է պարբերականը։
Ինչպես լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է ուկրաինացի պաշտոնյան, Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումների ուշացումները սկսվել են այն պահից, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանին։





























