Մեխիկոն արագորեն անցնում է գետնի տակ՝ տարեկան մոտ 25 սանտիմետր արագությամբ, համաձայն NASA-ի NISAR համակարգի միջոցով ստացված նոր արբանյակային տվյալների։ Սա Մեքսիկայի մայրաքաղաքը դարձնում է աշխարհի ամենաարագ նստող մեգապոլիսներից մեկը, գրում է Associated Press-ը։
Շուրջ 22 միլիոն բնակչություն և մոտ 7,800 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող քաղաքը կառուցվել է հնագույն լճի տեղում։
Պատմականորեն տարածքի մի մասը ներկայացրել է ջրանցքների համակարգ, և նույնիսկ այսօր որոշ թաղամասեր պահպանում են այդ ջրային աշխարհագրության հետքերը։ Սակայն քաղաքի ժամանակակից զարգացումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի լայնածավալ արդյունահանմանը, ինչն էլ դարձել է հողի նստվածքի հիմնական գործոնը։
Ջրատար շերտից ջրի մշտական դուրսմղումը աստիճանաբար «չորացնում է» ստորգետնյա դատարկությունները, ինչի պատճառով գրունտը խտանում և նստում է։ Այս գործընթացը տևում է արդեն ավելի քան մեկ դար, սակայն վերջին տասնամյակներում այն արագացել է։ Առանձին թաղամասերում, ներառյալ օդանավակայանի տարածքը և Անկախության հրեշտակի շրջանը, նստվածքը հասնում է ամսական մոտ 2 սանտիմետրի։
Հետևանքներն արդեն ակնհայտ են. շենքերը թեքվում են, ճանապարհները՝ դեֆորմացվում, ենթակառուցվածքները՝ տուժում։ Պատմական կենտրոնում դա հատկապես նկատելի է հին կառույցների վրա. օրինակ՝ Մեխիկոյի Մայր տաճարը, որի շինարարությունը սկսվել է դեռևս XVI դարում, տեսանելիորեն «թեքվում է» գրունտի անհավասարաչափ նստվածքի պատճառով։ Գիտնականները նաև նշում են, որ խնդիրն ուղղակիորեն կապված է ջրային ճգնաժամի հետ, որն ավելի ու ավելի սուր է դառնում։
Հետազոտողների վկայությամբ, նստվածքը ազդում է քաղաքի գրեթե բոլոր հիմնական համակարգերի վրա՝ մետրո, ջրամատակարարում, կոյուղի, բնակելի շենքեր և տրանսպորտային ցանց։ Մեքսիկայի Ազգային ինքնավար համալսարանի երկրաֆիզիկոս Էնրիկե Կաբրալն ընդգծում է, որ խոսքը քաղաքային ենթակառուցվածքների համար համալիր և աճող սպառնալիքի մասին է։
NASA-ի տվյալները հիմնված են NISAR արբանյակի դիտարկումների վրա, որը բարձր ճշգրտությամբ արձանագրում է Երկրի մակերևույթի փոփոխությունները։ Այն թույլ է տալիս տեսնել դեֆորմացիաները բառացիորեն տիեզերքից և հետևել, թե ինչպես է փոխվում ռելիեֆը ժամանակի ընթացքում։ NASA-ի մասնագետներն ասում են, որ նման տեխնոլոգիաները ցույց են տալիս ոչ միայն նստվածքի փաստը, այլև «այն, ինչ տեղի է ունենում Երկրի մակերևույթի տակ»։
Գիտնականները հույս ունեն, որ ապագայում արբանյակային տվյալները թույլ կտան փոփոխություններին հետևել է՛լ ավելի ճշգրիտ՝ հասնելով մինչև առանձին շենքերի։ Սա կարող է օգտակար լինել ոչ միայն հողի նստվածքի ուսումնասիրման, այլև երկրաշարժերի, հրաբխային ակտիվության և կլիմայի փոփոխության հետևանքների մոնիտորինգի համար։
Առայժմ Մեխիկոյում իրավիճակը մնում է բարդ։ Հետազոտողները շեշտում են, որ իշխանությունները երկար ժամանակ սահմանափակ են արձագանքել՝ հիմնականում ամրացնելով առանձին պատմական շենքեր։ Սակայն ջրային ճգնաժամի սրմանը զուգընթաց հետաքրքրությունը խնդրի նկատմամբ աճում է, և NASA-ի նոր տվյալները կարող են հիմք հանդիսանալ ավելի համակարգային լուծումների համար։




























