Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում այսօր՝ մայիսի 3-ին մեկնարկել է Ասիական զարգացման բանկի 59–րդ տարեկան համաժողովը, որին մասնակցելու համար քաղաք են ժամանել Ասիական զարգացման բանկի անդամ 69 երկրներից ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, քաղաքականություն մշակողներ և լրագրողներ։


NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, Ասիական զարգացման բանկի հաղորդակցության բաժնի ղեկավար Բեռնարդ Վուդսը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին և տարածաշրջանի երկրների վրա պատերազմի հնարավոր հետևանքներին։
«Հակամարտությունը մերձավոր Արևելքում տարածաշրջանի հեռանկարների համար մեծագույն ռիսկն է։ Այն հանգեցնում է էներգակիների գնի աճի, խափանվում են առևտրային ուղիները։ Նախորդ շաբաթ մենք հրապարակել ենք մեր տնտեսական կանխատեսումները, որոնց համաձայն Մերձավոր Արևելքում երկարատև հակամարտությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել տնտեսական աճը և բարձրացնել գնաճը»,–նշել Վուդսը։
Աիական զարգացման բանկի հաղորդակցության բաժնի ղեկավարը նշել է, որ բանկն արդեն արձագանքել է Մերձավոր Արևելքում ստեղված իրավիճակին՝ հայտարարելով հակամարտության հետևանքով տուժած երկրներին ֆինանսական աջակցության փաթեթների տրամադրման մասին։
«Այս համաժողովը կենտրոնանալու է երեք հիմնական ուղղությունների վրա։ Առաջինը կապակցվածություն է․ հարկավոր է ուսումնասիրել, թե ինչպես կարող ենք ձևավորել հավաքական դիմակայունություն, օգնել միմյանց, գործել և զարգանալ միասին։ Երկրորդը՝ թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում տեղի ունեցող զարմանալի, բայց նաև ռիսկային փոխակերպումներն են, և հարցը, թե ինչպես կարող ենք դրանք օգտագործել, որպեսզի զարգացող երկրները կարողանան արագ առաջընթաց գրանցել՝ միաժամանակ հավասարակշռելով ռիսկերը՝ կիբերանվտանգության և աշխատատեղերի հնարավոր կրճատման տեսանկյունից։ Երրորդը՝ ռեսուրսների մոբիլիզացումն է։ Տարբեր երկրներում մենք տեսնում ենք առաջնահերթությունների փոփոխություն՝ ավելի շատ շեշտը դրվում է պաշտպանական ծախսերի վրա, քան զարգացման։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ որտեղից ենք գտնելու ֆինանսական միջոցներ, ինչ աղբյուրներ կարող ենք օգտագործել ուժեղացնելու զարգացմանը միտված մեր ջանքերը»,–նշել է ԱԶԲ–ի ներկայացուցիչը։
Նշենք, որ Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդի բացման նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 4-ին։





























