ԱՄՆ-ը մայիսի 4-ից կսկսի «Ազատություն» նախագծի աջակցությունը՝ առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը վերականգնելու նպատակով՝ 15 հազար զինծառայողի մասնակցությամբ։ Այս մասին մայիսի 4-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

««Ազատություն» նախագծին ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը կներառի կառավարվող հրթիռներով էսմինեցներ, ցամաքային և ծովային տեղակայմամբ ավելի քան 100 ինքնաթիռ, բազմաֆունկցիոնալ անօդաչու հարթակներ և 15 հազար զինծառայող», — նշվում է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հրապարակված գրառման մեջ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած առաքելությունը աջակցություն կցուցաբերի առևտրային նավերին, որոնք ձգտում են անխոչընդոտ անցնել Հորմուզի նեղուցով։ Դրանով անցնում է համաշխարհային ծովային նավթաշրջանառության մեկ քառորդը, ինչպես նաև վառելիքի և պարարտանյութերի զգալի ծավալներ, հավելել են Կենտրոնական հրամանատարությունում։