Ամերիկյան հետախուզության գնահատականները ցույց են տալիս, որ միջուկային զենք ստեղծելու համար Իրանի պահանջվող ժամանակը չի փոփոխվել անցյալ ամռանից ի վեր, երբ վերլուծաբանները հաշվարկել էին, որ ամերիկա-իսրայելական հարձակումը հետաձգել է ժամկետները մեկ տարով. հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Թեհրանի միջուկային ծրագրի գնահատականները հիմնականում մնում են անփոփոխ նույնիսկ երկու ամիս տևած պատերազմից հետո, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սկսել էր մասամբ այն պատճառով, որպեսզի խոչընդոտի Իսլամական Հանրապետությանը միջուկային ռումբ ստեղծելու հարցում», գրում է գործակալությունը:
ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումները, որոնք սկսվել են փետրվարի 28-ին, կենտրոնացած են եղել սովորական ռազմական օբյեկտների վրա, սակայն Իսրայելը հարվածներ է հասցրել մի շարք կարևոր միջուկային օբյեկտների: Անփոփոխ ժամանակացույցը ենթադրում է, որ Թեհրանի միջուկային ծրագրի համար զգալի խոչընդոտներ ստեղծելու նպատակով կարող է պահանջվել բարձր հարստացված ուրանի մնացորդային պաշարների ոչնչացում կամ վերացում, պնդում է լրատվամիջոցը:
ԱՄՆ հետախուզական ծառայությունները դեռևս հունիսյան 12-օրյա պատերազմից առաջ եզրակացրել էին, որ Իրանը, ամենայն հավանականությամբ, կկարողանա բավարար քանակությամբ ուրան արտադրել զենքի արտադրության համար և մոտավորապես երեքից վեց ամսում ռումբ ստեղծել, հայտնել են երկու անանուն աղբյուրներ:
Ըստ երկու աղբյուրների և գնահատականներին ծանոթ մի անձի՝ Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային համալիրներին հունիսին հասցված ամերիկյան հարվածներից հետո, ԱՄՆ հետախուզության գնահատմամբ, այդ ժամկետը կրճատվել (հետաձգվել) էր մոտ ինը ամսից մինչև մեկ տարով:
Հարձակումների հետևանքով ոչնչացվել կամ լուրջ վնասվել էին հարստացման երեք գործարաններ, որոնք, ինչպես հայտնի է, այդ ժամանակ աշխատում էին:
Սակայն ՄԱԿ-ի միջուկային անվտանգության դիտորդ մարմինը չի կարողացել հաստատել մինչև 60 տոկոս հարստացված մոտ 440 կիլոգրամ ուրանի գտնվելու վայրը: Այն ենթադրում է, որ պաշարների մոտ կեսը պահվում էր Սպահանի միջուկային հետազոտությունների կենտրոնի ստորգետնյա թունելների համալիրում, սակայն չի կարողացել հաստատել դա, քանի որ տեսչական ստուգումները կասեցվել էին: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) գնահատում է, որ բարձր հարստացված ուրանի ընդհանուր պաշարը կբավականացներ 10 ռումբի համար՝ հետագա հարստացման պայմանով:
Ըստ աղբյուրների՝ Իրանի կողմից նման զենք ստեղծելու համար պահանջվող ժամանակի անփոփոխ գնահատականը մասամբ արտացոլում է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ռազմական արշավի ուղղվածությունը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ անփոփոխ գնահատականները կարող են պայմանավորված լինել նաև խոշոր միջուկային օբյեկտների բացակայությամբ, որոնք հնարավոր կլիներ հեշտությամբ և անվտանգ ոչնչացնել հունիսյան ռազմական գործողություններից հետո:
ԱՄՆ հետախուզության նախկին ավագ վերլուծաբան, փորձագետ Էրիկ Բրյուերը, որը ղեկավարել է Իրանի միջուկային ծրագրի գնահատումները, ասել է, որ զարմանալի չէ, որ գնահատականները չեն փոխվել, քանի որ ԱՄՆ վերջին հարվածներն առաջնահերթ ուղղված չեն եղել միջուկային զենքին առնչվող թիրախներին: «Որքանով մեզ հայտնի է, Իրանը դեռևս տիրապետում է իր բոլոր միջուկային նյութերին,- ասել է Բրյուերը: -Այդ նյութերը, հավանաբար, գտնվում են խոր թաղված ստորգետնյա պահեստարաններում, որտեղ ամերիկյան զինամթերքը չի կարող թափանցել»:




























