Նախորդ շաբաթվա ընթացքում տոմսային համակարգում արձանագրված վավերացումների ընդհանուր թիվը հասել է 3 մլն 80 հազար 424–ի, ինչը նախորդ շաբաթվա համեմատությամբ 2.75 տոկոսով ավելի է։ Այս նշվեց այսօր՝ մայիսի 5–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ

Բացի այդ, նշվեց, որ 2025–ի մարտ–ապրիլի համեմատությամբ 2026–ի մարտ–ապրիլին աճը կազմել է ավելի քան 23 տոկոս կամ 337 մլն դրամ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց. «Այսինքն մենք այս հավելյալ հավաքագրման արդյունքում 13-14 նոր ավտոբուսի գումար հավաքագրեցինք:  Այս գործընթացը՝ հավաքագրման հետ կապված խստացումները, որքան էլ որ խնդիրներ առաջացնում էր, կարևորագույն գործընթաց է Երևան քաղաքում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից: Հանրային տրանսպորտի համար մենք ֆինանսական միջոցներ չենք խնայում, բայց և պետք է հասկանանք, որ հանրային տրանսպորտը քաղաքի համար ամենածախսատար ոլորտն է, Երևանի քաղաքապետարանը ամենամեծ ներդրումները իրականացնում է հենց հանրային տրանսպորտի ոլորտում: Տրանսպորտը մեր բոլորինն է, և մենք հասկանում ենք, որ այդ գումարները ուղղվում են նոր ավտոբուսների գնմանը ու տարեցտարի մեր հանրային տրանսպորտը ավելի լավը դարձնելուն:

Շատ կարևոր է, որ մենք վճարումները իրականացնենք պատշաճ կերպով: Ուզում եմ առաջին հերթին շնորհակալություն հայտնել ավտոբուսների ու տրոլեյբուսների բոլոր վարորդներին, ովքեր իրենց բավականին ծանր գրաֆիկով աշխատանքին  համադրում են նաև վերահսկողական ֆունկցիա իրականացնելը, որը, իհարկե, իրենք պարտավոր են իրականացնել պայմանագրային առումով: Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներին, որոնք աջակցում են վարորդներին այս գործընթացում, դա նույնպես շատ կարևոր է»,- ընդգծել է Ավինյանը: