Պարսից ծոցի մի շարք պետությունների՝ Իրանի հետ ուղղակի պատերազմի մեջ ներքաշվելու սպառնալիքը կտրուկ աճել է այն հաղորդումներից հետո, ըստ որոնց Արաբական Միացյալ Էմիրությունները հակամարտության ընթացքում գաղտնի կերպով լայնածավալ հարձակում են ձեռնարկել իրանական տարածքի վրա: Բացի դրանից, Քուվեյթը հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն չորս մարտիկների գերեվարման մասին, որոնք փորձել են «ահաբեկչական գործողություններ» իրականացնել Քուվեյթին պատկանող և երկրի առափնյա շղթայի ամենամեծ՝ Բուբիյան կղզում, գրում է The Guardian-ը:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իրանին հասցված Արաբական Միացյալ Էմիրությունների հարվածը վրեժխնդրության գործողություն էր՝ ուղղված էմիրաթական օբյեկտների վրա իրանական հարձակումներին: Մասնավորապես, ապրիլի 7-ին՝ հրադադարի ռեժիմի հայտարարումից քիչ առաջ, հարված է հասցվել իրանական Լազան կղզուն: Այս նորությունները կարող են Արաբական Միացյալ Էմիրությունները Թեհրանի համար էլ ավելի ակնհայտ թիրախ դարձնել՝ զինադադարի ձախողման դեպքում: Երկուշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմը «մազից է կախված»՝ Վաշինգտոնի պահանջած միջուկային ծրագրի շուրջ զիջումների գնալու Իրանի մերժման պատճառով:
Փետրվարի 28-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունները պարբերաբար թիրախ է դարձել Իրանի հրթիռային հարվածների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների համար: Երկիրը ենթարկվել է անհամաչափ զանգվածային հարձակումների՝ մասնակիորեն Դուբայի կառավարիչների՝ Թեհրանի հասցեին հնչեցրած չափազանց թշնամական դիվանագիտական հռետորաբանության պատճառով: The Wall Street Journal-ի ռեպորտաժը բացահայտում է մանրամասներ այն մասին, թե ինչպես է այս դիվանագիտական թշնամանքը վերածվել ռազմականի. կադրերում, որոնք ենթադրաբար նկարահանվել են Իրանում, պատկերված են ֆրանսիական Mirage կործանիչներ և չինական Wing Loong անօդաչու սարքեր, որոնք գտնվում են Արաբական Միացյալ Էմիրությունների սպառազինության մեջ:
Այդ ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններն ակնարկում էր, որ մտադիր է իրականացնել պատասխան գործողություններ, այլ ոչ թե սահմանափակվել նավթային հորատանցքերի և նավահանգիստների պաշտպանությամբ: Իրանն իր հերթին Արաբական Միացյալ Էմիրություններին և Քուվեյթին մեղադրում էր հարձակումներին ներգրավված լինելու մեջ: Մինչ այժմ Էմիրություններին չի հաջողվել համոզել Կատարին կամ Սաուդյան Արաբիային ձեռնարկել ավելի ակտիվ քայլեր իրանական հարձակումներին հակազդելու կամ Հորմուզի նեղուցի շրջափակմանը դիմակայելու հարցում, որը Թեհրանը համարում է օրինական պատասխան ԱՄՆ-ի գործողություններին: Իրանի հետախուզությունը միշտ ելել է այն կանխավարկածից, որ որոշ արաբական միապետություններ տրամադրել են իրենց օդային տարածքը կամ ամերիկյան ռազմաբազաները ԱՄՆ ուժերին՝ իրանական տարածքին հարվածներ հասցնելու համար:
Եվրոպական երկրները, ներառյալ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը, նույնպես ապահովել են Ծոցի պետությունների պաշտպանությունը, սակայն իրենց երկրների ներսում նրանք դա ներկայացնում էին որպես անհրաժեշտ քայլ՝ պաշտպանելու համար չեզոք դաշնակիցներին, որոնք ձգտում են դուրս մնալ հակամարտությունից: Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին հայտնել է, որ Իսրայելը «Երկաթե գմբեթ» համակարգի մարտկոցներ և անձնակազմ է ուղարկել ԱՄԷ-ի պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Արաբական միապետությունների դաշինքի ներսում առկա տարաձայնությունները, հատկապես Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև, հանգում են այն հարցին, թե արդյոք Իրանի գործողությունների դեմ արաբների զայրույթը պետք է վերածվի ռազմական վրեժխնդրության: Էր Ռիադը վախենում է, որ դա կառաջացնի Թեհրանի թշնամանքի այնպիսի մակարդակ, որը վտանգի տակ կդնի փխրուն դիվանագիտական կապերը:
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Թուրքի ալ-Ֆեյսալն այս շաբաթ Arab News-ի համար իր հոդվածում պնդում էր սաուդյան զսպվածության իմաստնության մասին. «Եթե մեր և Իրանի միջև պատերազմ հրահրելու իսրայելական ծրագիրը հաջողվի, տարածաշրջանը կվերածվի փլատակների, իսկ Իսրայելը կդառնա միակ խաղացողը՝ բոլորին պարտադրելով իր կամքը»:
Փորձագետները կարծում են, որ Սաուդյան Արաբիայի՝ լայնամասշտաբ պատերազմի մեջ մտնելու դեպքում կոչնչացվեն արևելյան ափի նավթային օբյեկտները և աղազերծման կայանները, վտանգի տակ կհայտնվի հաջը, իսկ «Vision 2030» ծրագրի նախագծերը լիովին կկանգնեցվեն:
Այդ ընթացքում քուվեյթյան մամուլը հրապարակեց ԻՀՊԿ չորս հրամանատարների անունները, ովքեր այս ամսվա սկզբին փորձել էին ձկնորսական նավով ներթափանցել Բուբիյան կղզի: Իրանական լրատվամիջոցները դեռևս չեն մեկնաբանել այս միջադեպը, սակայն ԱՄԷ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ ի պաշտպանություն Քուվեյթի: Քուվեյթի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին՝ իր բողոքն արտահայտելու երկրի զինված ուժերի վրա հարձակման կապակցությամբ: Հատկանշական է, որ քուվեյթյան որոշ հաղորդագրություններում հատուկ նշվում էր կղզում ոչ թե ամերիկացի, այլ չինացի մասնագետների ներկայության մասին:
Իրանի նկատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների կոշտ դիրքորոշումը մասամբ բացատրվում է գաղափարական տարաձայնություններով և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին «Աբրահամյան համաձայնագրերի» ստորագրմամբ: Էմիրություններում համոզված են, որ Իրանը միտումնավոր ընտրել է իրենց որպես ապակայունացման գլխավոր թիրախ հենց Իսրայելի հետ կապերի պատճառով: Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսությանը հասցված վնասն արդեն հաստատված է. երկրի խոշորագույն գազի գործարանը փակ է գրեթե երկու տարով՝ անցյալ ամիս իրանական հարձակումների պատճառով: Ձեռնարկության սեփականատերը՝ Adnoc Gas ընկերությունը, հայտարարել է, որ գործարանը լիովին չի վերականգնվի մինչև հաջորդ տարի. նպատակն է մինչև 2026 թվականի վերջ վերադարձնել հզորության 80%-ը և ամբողջական հզորության դուրս գալ 2027-ին:
Ընդսմին, Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումը նպաստում է նոր դիվանագիտական դաշինքների ստեղծմանը: Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը ողջունել է Իրանի հետ հակամարտությունից խուսափել ձգտող երկրների «քառյակի» ձևավորումը՝ Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի մասնակցությամբ: Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, ելույթ ունենալով Դոհայում, զգուշացրել է զերծ մնալ «իսրայելական էքսպանսիոնիզմից», որն անվանել է տարածաշրջանի անվտանգության գլխավոր մարտահրավերը: Նա կոչ է արել չկորցնել ուշադրությունը Գազայի հատվածում, Բեյրութում և Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակից՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է ավելի զգայուն լինի այս հարցերի նկատմամբ:
Միևնույն ժամանակ, Իրանը երեքշաբթի բանակցություններ է վարել Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության կառավարման վերակազմակերպման ծրագրերի շուրջ, ներառյալ նավագնացային ընկերությունների համար ծառայությունների վճարների սահմանումը:




























