«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, սպորտի, երիտասարդության եւ մշակույթի հարցերի մշտական հանձաժողովի անդամ Անահիտ Բախշյանը կրթության այս տարվա բարեփոխումն է համարում «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի» ընդունումը: Այդ մասին Բախշյանն ասել է դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Սակայն, Բախշյանի խոսքով, օրենքը կրթության բարեփոխումների առումով նպաստավոր կլինի, եթե կառավարությունը հաստատի այդ օրենքից բխող մի շարք կարգեր:
Բախշյանը «Հանրակրթության մասին» օրենքը այն հազվադեպ օրենքերից համարեց, որ միաձայն ընդունվել է ԱԺ բոլոր պատգամավորների կողմից: Սակայն նշենք, որ այն հազվագյուտ է նաեւ այն առումով, որ պատգամավորները ինչ եռանդով որ այն հաստատել են, նույն կերպ էլ չորս ամիս անց կողմ քվեարկել՝ Կառավարության օրենքից դասագրքերի մեկ տարվա փորձաքննությանը վերաբերող կետը հանելու առաջարկին: «Անկախ քաղաքական կողմնորոշումից՝ բոլոր պատգամավորները քննադատեցին գրքերի որակը եւ ասացին՝ լավ է, որ փորձաքննություն է անցկացվելու, 4 ամիս հետո Կառավարությունը առաջարկեց հանել, նույն պատգամավորներն էլ նույն ձեւով քվեարկեցին»:
Տիկին Բախշյանի խոսքով՝ կառավարությունը պարզապես չի կարողացել դիմադրել հրատարակչությունների գրոհին եւ օրենքի փոփոխությունը հիմնավորել է մի անհեթեթ պատճառաբանությամբ, իբրեւ խանգարում է 2010 թվականի բյուջեին: Նշենք, որ օրենքից հանվել է նաեւ սահմանամերձ եւ բարձր լեռնային շրջանների ուսուցիչների աշխատավարձի 50 տոկոս հավելավճարի մասին կետը: Սակայն ամենազավեշտալին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջամտությունն է օրենքի կետերի դուրս բերմանը, քանի որ վերջինս, երբ ԱԺ-ում այդ նույն հանձնաժողովի նախագահն էր, խանդավառված աշխատում էր այդ եւ մյուս կետերի ընդունման վրա, բայց նախարար դառնալուց հետո չկարողացավ պայքարել իր իսկ ստեղծած օրենքի համար եւ դուրս բերեց կրթության բարեփոխման ուղղված կարեւորագույն կետը:



























