Լոնդոնի դատարանը Ուկրաինայի քաղաքացի Ռոման Լավրինովիչին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման, իսկ Ռումինիայի քաղաքացի Ստանիսլավ Կարպյուկին՝ երկու տարվա ազատազրկման՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի ավտոմեքենան և գույքը հրկիզելու դավադրության համար, հաղորդում է Bloomberg-ը։
Օլդ Բեյլի դատարանում ընթացող լսումների ժամանակ պարզվել է, որ հրկիզումները կազմակերպվել են Telegram-ի անանուն օգտահաշվի միջոցով։
Դատարանը տղամարդկանց դիտարկել է որպես կատարողներ, որոնք չեն ունեցել գաղափարական դրդապատճառներ։ «Դուք համաձայնել եք գումարի դիմաց կատարել այդ անիմաստ հրկիզումը։ Դուք վեհ սկզբունքների տեր մարդ չեք եղել, և ձեզ հեշտ էր գնել»,- հայտարարել է դատավոր Նիլ Գարմանը՝ դիմելով Լավրինովիչին։
Անցյալ տարվա մայիսին Լոնդոնի հյուսիսում այրվել էր Toyota մակնիշի ավտոմեքենա, որը նախկինում պատկանել էր Սթարմերին, ինչից հետո հրկիզման փորձեր էին արվել երկու տների ուղղությամբ․ դրանց թվում էին վարչապետի սեփականությունը հանդիսացող տունը, որտեղ բնակվում էր նրա կնոջ քույրն իր ընտանիքի հետ, ինչպես նաև այն ընկերության անշարժ գույքը, որտեղ Սթարմերը եղել է տնօրեն և բաժնետեր։





























